Վազգեն Ռշտունու համեստ եկամուտներն ու 94 հազար դոլար դրամական միջոցները
ЭКОНОМИКАՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակված Վազգեն Ռշտունին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2016թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Դրա համաձայն՝ նա ունի մեկ բնակարան եւ BMW X5 V8 4.4 մակնիշի մեկ ավտոմեքենա: Վերջինիս դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ ապրիլի 4-ին, կազմել են 25 միլիոն դրամ եւ 42 հազար ԱՄՆ դոլար:
Հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածի համար Վազգեն Ռշտունին ստացել է 1 միլիոն 532 հազար 690 դրամ աշխատավարձ:
Ի դեպ, ըստ 2015-ի տարեկան հայտարարագրի՝ նրա տարեկան եկամուտները կազմել են ընդամենը յոթ միլիոն 528 հազար 226 դրամ: Այդ ժամանակ նա դեռեւս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր էր միայն: 2014թ. իր տարեկան աշխատավարձը հինգ միլիոն դրամից մի փոքր ավել էր՝ հինգ միլիոն 255 հազար դրամ:
Նման համեստ եկամուտների տեր մարդն ավելի քան 94 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ եւ մոտ 75 հազար դոլարանոց ավտոմեքենա ունի:
Նշենք, որ Վազգեն Ռշտունին հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու որդին է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան