Դեսպան Մելքոնյանը և նախարար Քաբիլը քննարկել են հայ-եգիպտական առևտրատնտեսական համագործակցությունը
ЭКОНОМИКАԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հուլիսի 3-ին հանդիպել է Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Թարեկ Կաբիլի հետ և քննարկել հայ-եգիպտական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև գործնական կապերին նոր լիցք հաղորդելու ուղիները։
«Արմենպրես»-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցած հաղորդագրության մեջ նշված է. «Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին շնորհավորել է Էյդ Էլ–Ֆիտր իսլամական տոնի կապակցությամբ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-եգիպտական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև գործնական կապերին նոր լիցք հաղորդելու ուղիների շուրջ։
Դեսպանը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումները և արձանագրած ձեռքբերումները, զարգացման դինամիկան և առանձնահատկությունները, ներդրումային մթնոլորտի և արտահանման կարողությունների բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը»։