«Ալաշկերտ»-ն ամեն գնով ձգտելու է հաղթանակի
СПОРТ«Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» խաղից առաջ լրագրողների հետ հանդիպեց «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Այս հանդիպմանը նախորդել էր նաև Սանտա Կոլոմայի մարզչի մամուլի ասուլիսը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչն իր խոսքն սկսեց առաջին հանդիպման վերլուծությամբ: Աբրահամ Խաշմանյանն ասաց, որ իրենք վատ են գործել առաջին խաղակեսի ընթացքում, ու թեև խաղի ընթացքում ունեին երկու հիանալի պահ, այնուամենայնիվ շեղվել են նախօրոք մտածված մարտավարությունից և սայթաքել: Մարզչի խոսքով՝ իրենք լավ են պատրաստվել այս հանդիպմանը և պատրաստ են մրցակցին բառացիորեն ճզմել:
«Սանտա Կոլոման պրոֆեսիոնալ ակումբ է, որքան էլ նրանք պնդում են, թե սիրողական են: Եվրոպական մրցասպարեզում էլ բավական մեծ փորձ ունեն և 10 անգամ նվաճել են երկրի չեմպիոնի կոչումը: Այս խաղում մեր նորեկներից միայն Արտակ Դաշյանը դուրս կգա խաղադաշտ. մենք այլ ընտրություն դեռ չունենք: Նա 50 տոկոսով է պատրաստ այս հանդիպմանը: Մրցակիցը բավական պատրաստված է և կարող է անակնկալ մատուցել: Ես այս խոսքերը չեմ ասում արդարանալու համար, մենք ամեն գնով հաղթելու ենք այս խաղում»,- ասել է «Ալաշկերտ»-ի գխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
«Ալաշկերտ»-ն այս խաղում ցուցադրելու է հարձակողական ֆուտբոլ և ձգտելու է առաջին րոպեներից հասնել հաջողության: Թիմը համալրվել է բավական ուժեղ ֆուտբոլիստներով, որոնք այս հանդիպմանը դեռ հայտավորված չեն լինի, բայց հաջող ընթացքի դեպքում մյուս փուլում կօգնեն իրենց թիմին:
Ակումբները կհանդիպեն վաղը` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: