ՀԱՕԿ նախագահն ընդունեց բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներին
СПОРТՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանըհյուրընկալել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Հայաստանի հավաքականի և մարզչական շտաբի անդամներին: «Արմենպրես»-ը, հղում կատարելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին, հայտնում է, որ ՀԱՕԿ նախագահը բոլոր բասկետբոլիստներին ծանոթացրեց օլիմպիական ավանի ենթակառուցվածքներին, պատմեց յուրաքանչյուր կառույցի մասին: Գագիկ Ծառուկյանը երախտիքի խոսքեր ասաց այս հաջողությունում ավանդ ունեցած մարդկանց հասցեին:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաջող ելույթի կապակցությամբ: Շատերը չէին հավատում, բայց դուք մասնակցեցիք ու հաղթեցիք: Որպես մարզական ձեռքբերում` ունեցանք առավելագույնը: Ես շնորհավորում եմ ձեզ ու շնորհակալություն եմ հայտնում, որ մեր երկրի պատիվը բարձր պահեցիք: Պետությունները միջազգային ասպարեզում հեղինակություն ձեռք են բերում նաև այսպես` քայլ առ քայլ, հաջող հանդես գալով: Սկզբում մի հաղթանակ, հետո` մյուսը, հետո` երրորդը, և տեսնում ես, որ քո երկրին արդեն ուրիշ կերպ են վերաբերվում: Եվ հարգանքն է մեծանում, և հեղինակությունը: Այս հավաքականի կազմում հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները, և ոչ միայն: Մենք տարբեր մարզաձևերում ունենք հայազգի լավ մարզիկներ, մարզիչներ, սպորտային բնագավառի մասնագետներ: Սա հարստություն է: Ձեր այս հաղթանակը կարևորվում է նաև այն առումով, որ դուք ապացուցեցիք, որ հայերը կարող են նաև թիմային մարզաձևերում հաղթանակ տոնել, կոտրեցիք այն կարծրատիպը, թե միայն մենապայքարային մարզաձևերում ենք մենք ուժեղ: Հասկանալի է, որ հետագա ելույթների, հաջողությունների համար մեր թիմին պետք է աջակցություն: Ես պատրաստ եմ դա անել: Եվ մենք միասին կունենանք նոր հաջողություններ: Ձեր հաջողությունը շատ տեղին էր, ճիշտ ժամանակին: Թող տարոսը լինի մեր օլիմպիական թիմին, որը շատ ուժեղ է, և մեր բոլոր մարզիկները պատրաստ են պայքարի: Աստված մեզ բոլորիս պահապան»,-ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահին մեծ աջակցության, ոգևորության և բասկետբոլի կողքին միշտ կանգնած լինելու համար: