Շիրազ Կիրակոսյանն ու կինը հազարավոր դոլարներ են տոկոսով տալիս
ЭКОНОМИКАՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանն ու իր կինը միասին 80 հազար ԱՄՆ դոլարից ավել փոխառություններ ունեն:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնյայի եւ իր կնոջ՝ 2015թ. տարեկան հայտարարագրերից:
Ըստ Շիրազ Կիրակոսյանի հայտարարագրի՝ վերջինիս փոխառությունները կազմել են 18 միլիոն 996 հազար դրամ: Կինը՝ Ադելինա Ավետիսյանը, հայտարարագրել է 20 միլիոն դրամի չափով փոխառություններ:
Շիրազ Կիրակոսյանի նախորդ տարվա դրամական միջոցները կազմել են վեց միլիոն 500 հազար դրամ եւ 15 հազար ամերիկյան դոլար: Կինը ընդամենը 600 հազար դրամ եւ հինգ հազար ԱՄՆ դոլար է հայտարարագրել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը Կիրակոսյանին տարեկան ինը միլիոն 692 հազար 986 դրամի չափով եկամուտ է ապահովել: Իսկ տրված փոխառություններից ստացված տոկոսն էլ կազմել է երկու միլիոն 215 հազար դրամ:
Կիրակոսյանի կնոջ եկամուտները գոյացել են միայն փոխառություններից ստացված տոկոսներից, քանի որ ըստ հայտարարագրի՝ վերջինս աշխատանք չունի: Նրա նախորդ տարվա տարեկան եկամուտներըը երկու միլիոն 185 հազար դրամ եւ երկու հազար 365 ԱՄՆ դոլար են կազմել:
Հիշեցնենք, որ դեռեւս երկու տարի առաջ, երբ ՀԾԿՀ-ն քվեարկության էր դրել էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, Շիրազ Կիրակոսյանը հանձնաժողովի այն հինգ անդամներից մեկն էր, ով կողմ էր քվեարկել հոսանքի թանկացման որոշմանը:
Քրիստինա Տեր-Մթեւոսյան