Գերմանիայի դեսպանությունը 41 000 եվրո կտրամադրի Հայաստանի գյուղերում իրականացվող ծրագրերին
ЭКОНОМИКАՀայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունն այս տարի նույնպես օժանդակում է փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Վերջին օրերին պայմանագրեր են ստորագրվել այն հայկական կազմակերպությունների հետ, որոնց ներկայացրած ծրագրերը հավանության են արժանացել։ «Ուրախ ենք, որ այս տարի մեզ են հասել մեծ քանակությամբ լավ հայտեր: Հաջողակ նախաձեռնություններն անցել են դժվարին ընտրության գործընթացի միջով։ Մեր կողմից քննարկվել են 125 դիմում-հայտեր և մեզ համար որոշում կայացնելը շատ դժվար է եղել»,- ասել է դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Նադիա Լիխտենբերգերը։
Դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագիրն օժանդակում է կարճաժամկետ միջոցառումների, որոնք կոչված են արձագանքելու կարիքավորության կետային խնդիրներին և կարող են նպաստել բնակչության ամենախոցելի խմբերի կենսապայմանների բարելավմանը՝ առավելությունը տալով գյուղական վայրերին։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ծրագրերի համար հատկացվել է 41 000 եվրո։
Այս տարի օժանդակություն կստանան մի շարք նոր նախաձեռնություններ: Մասնավորապես, «Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց ՀԿ՝ Սևանա լճի ափին արձակուրդային ճամբարի վերակառուցում, Գանձաքար գյուղի շահառուների խումբ՝ գյուղացիների և միկրո-ձեռներեցների համար շարժական մարկետինգային պլատֆորմի ստեղծում, Սյունիքի զարգացման ՀԿ (Եղեգնաձոր)՝ թիվ 64 մանկապարտեզի բակային պարագաների համալրում, «Հույսի կամուրջ» ՀԿ (Նոյեմբերյան)՝ հաշմանդամների արհեստանոցի համալրում, Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ՝ խուլ և համր անձանց ուսուցիչների վերապատրաստում, Հայկական Կարմիր խաչի ընկերություն՝ Աբովյանի հանրակացարանում հանրային սենյակի ստեղծում, «Սուրբ Սանդուխտ» կանանց ՀԿ՝ Գեղարքունիքի մարզի հինգ դպրոցների համար սպորտային պարագաների ձեռքբերում, ՀԵՆԱ ՀԿ (Սառնաղբյուր)՝ երիտասարդական համայնքային կենտրոնի ստեղծում, «Լոռե» էկոակումբ ՀԿ (Ստեփանավան)՝ տասը արևային չորանոցների կառուցում մրգի չորացման համար: