Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել Իսպանիայի Լա Լիգա
СПОРТՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է փոխել ակումբը: «Իզվեստիա»-ի տեղեկություններով` իսպանական «Ռայո Վալեկանո»-ն պաշտոնական առաջարկով դիմել մոսկովյան ակումբին` հայ կիսապաշտպանի տեղափոխության համար: Վարձավճարի դիմաց իսպանացիները պատրաստ են « Սպարտակ»-ին փոխհատուցել 500 հազար եվրո:
«Ֆուտբոլիստը դժգոհ է «Սպարտակ»-ում իր կարգավիճակից և ծրագրում է իր համար նոր ակումբ գտնել: Արասն արդեն դիմել է ակումբի ղեկավարությանն իր հնարավոր տեղափոխությունը դիտարկելու համար: Միաժամանակ, «Սպարտակ»-ը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին` միայն վարձավճարով»,- գրել է ռուսական թերթը:
Միաժամանակ, նշվում է, որ մեկ տարվա դիմաց 500 հազար եվրոյի փոխհատուցումը «Սպարտակ»-ի համար ընդունելի չի եղել: «Կարմիրներ»-ը «Ռայո Վալեկանո»-ից պահանջել են 1 միլիոն եվրո: Իսպական կողմը մտածելու համար ժամանակ է խնդրել: Թերթը հիշեցնում է, որ հուլիսին «Սպարտակ»-ից «Ռայո» է տեղափոխվել գերմանացի կիսապաշտպան Պատրիկ Էբերտը, ում ամբողջական տրանսֆերի համար իսպանական ակումբը վճարել է 1,5 միլիոն եվրո:
««Սպարտակ»-ի ղեկավարությունը դեռևս չի շտապում բաժանվել Օզբիլիսից և սպասում է ավելի ձեռնտու առաջարկների եվրոպական ակումբներից: Հաշվի առնելով այն, որ կիսապաշտպանը մինչ Ռուսաստան ժամանելն իր մասին բարձրաձայնել էր Եվրոպայում, «Ռայո Վալեկանո»-ն ստիպված կլինի լրջորեն պայքարի մտնել հայազգի ֆուտբոլիստի համար»,- գրել է «Իզվեստիա»-ն:
Վերջին օրերին լուրերին էին տարածվել նաև, որ Օզբիլիսի համար թուրքական «Բուրսասփոր»-ն է նաև պաշտոնական առաջարկով դիմել «Սպարտակ»-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիսը ոչ մի հանդիպման չի մասնակցել «Սպարտակ»-ի կազմում: Նախորդ մրցաշրջանը հայազգի կիսապաշտպանը բաց էր թողել ծանր վնասվածքի պատճառով: