Մաշտոցի պողոտային հարող տարածքում կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը
ЭКОНОМИКАՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 23-ին Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:
Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել են 1740 գյուղացիական տնտեսություններ: Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:
Տոնավաճառին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադր ում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից, գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:
Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ: