Հայաստանում գնանկում է արձանագրվել
ЭКОНОМИКАՄիջազգային կառույցների կողմից համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի դանդաղեցման և անկման պայմաններում Հայաստանի տնտեսությունում 2016թ. առաջին մի քանի ամիսներին տեղի են ունենում իրարամերժ միտումներ: Մի կողմից՝ նկատվում է գործարար ակտիվության աճ` միանգամից մի քանի ոլորտներում /գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն և այլն/, իսկ մյուս կողմից առկա է արտաքին առևտրաշրջանառության և սպառողական գների անկում: Նշենք նաև, որ սպառողական գների ինդեքսի /ՍԳԻ/ հաշվարկման համար հաշվի է առնվում սպառողական զամբյուղում ներառված ` 470 ապրանք և ծառայություն:
Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ ՍԳԻ-ն ՀՀ-ում 2016թ. հունվար-մայիս ամիսներին հետևյալ տեսքն ունի:
2016թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պարենային ապրանքների 1.2% գնանկման արդյունք է: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2016թ. հունիսին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.0%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ՝ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 97.9%, ծառայությունների սակագներինը՝ 100.0%: 2016թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%: 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.9%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 97.5%, ոչ պարենային ապրանքներինը` 97.2%, ծառայությունների սակագներինը` 102.1%:
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում), մեկում գրանցվել է 0.1% գնաճ, մեկում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.5%-ով:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների գներին, ապա 2016թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնանկում: 2016թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.5% գնաճ և դիզելային վառելիքի 2.9% գնանկում:
Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան