Ինչո՞ւ է Վարդան Սարգսյանը բարկացել Բանգկոկի օդանավակայանում եւ ինչպե՞ս են անցել վայրի ցեղերի հետ նկարահանումները
ФОТОՈւրիշ էլ ո՞վ, եթե ոչ ճանապարհորդությքունների մասին հաղորդում վարող Վարդան Սարգսյանը կարող է վերհիշել ամառային հանգստի հետ կապված հետաքրքիր պատմություններ եւ կիսվել տարբեր երկներում իր հետ պատահած արկածներով:
Ճանապարհորդությունների սիրահար երգիչ-հաղորդավարի հետ հետաքրքիր զրույց ունեցանք ամառային հանգտի եւ զավեշտալի դեպքերի մասին:
-Վարդան, այս ամառ արդեն հասցրե՞լ ես հանգաստանալ:
-Քանի որ «Տնից հեռու» ծրագիրը կա իմ կյանքում, չեմ հասցնում հատուկ մեկնել հանգստի: Մեկնում եմ աշխատանքի, բայց նկարահանումների ժամանակ հասցնում եմ մի քանի ժամ վայելել հանգիստս: Այս տարի արդեն եղել եմ Մալդիվյան կղզիներում, Մալայզիայում, Թաիլանդում, Վիետնամում, Շրի Լանկայում, Աջարիայում: Առջեւում կրկին նկարահանումներ կան, որոնց նախապատրաստական աշխատանքները շատ բարդ են…
-Աշխատանքի բերումով հաճախ ես ճամփորդում. ըստ քեզ` ո՞րն է այն երկիրը, որտեղ կարելի է անցկացնել կատարյալ ամառային հանգիստ:
-Ինձ շատ դուր եկան Մալդիվյան կղզիները. նման բան ամեն տեղ չես գտնի… Բայց եթե լինեմ շատ անկեղծ, իմ ամենասիրած հանգստյան վայրը Եգիպտոսն է: Այնտեղ երեւի տասից ավելի անգամ եմ եղել եւ ամեն անգամ հաճույքով եմ մեկնում: Արեւելք շատ եմ սիրում, իսկ Կարմիր ծովն իմ թուլությունն է:
-Համոզված եմ` ճանապարհորդությունների ընթացքում քիչ չեն լինում նաեւ զավեշտալի դեպքերը...
-Իհարկե, նման դեպքեր շատ-շատ են լինում: Օրինակ, վերջերս Թաիլանդի Բանգկոկ քաղաքից մեզ թույլ չէին տալիս վերադառնալ Հայաստան: Մեր թռիչքը տրանզիտով էր, այսինքն` հարկավոր էր ժամանել Հնդկաստան, սպասել մի քանի ժամ օդանավակայանում, այնուհետեւ վերադառնալ Հայաստան: Բոլորն էլ գիտեն, որ եթե տվյալ երկրի օդանավակայանից դուրս չես գալիս, ապա վիզա էլ հարկավոր չէ, բայց Բանգկոկի օդանավակայանի աշխատողին դա չէր հուզում…Նույնիսկ հնդկական դեսպանատան եւ ավիաուիղիների աշխատակիցների հեռախոսազանգերը նրան չհամոզեցին: Եվ այդժամ նրանք տեսան, թե ինչպիսին է լինում զայրացած հայը:) Նույնիսկ չեմ հիշում, թե ինչ օրը գցեցի այդ աշխատողին, քանի որ նրա պատճառով մենք կարող էինք խնդիրներ ունենալ: Օրենքը մեր կողմից էր, եւ ի վերջո մենք իրականացրեցինք մեր թռիչքը, իսկ նա զրկվեց իր մեկամսյա աշխատավարձից:
Հաջորդ զավեշտալի դեպքը եղել է Շրի Լանկայում…Մենք նկարահանում էինք վայրի ցեղերից մեկին, որոնց հյուրընկալվել էինք ջունգլիներում: Պայմանավորվածության համաձայն` մենք պետք է նրանց նկարահանեինք 30 րոպե, սակայն նկարահանումները երկարաձգվեցին, եւ ամեն հինգ րոպեն մեկ նրանք կանգնեցնում էին նկարահանումներն ու հավելավճար ուզում: Պատկերացնում եք` ամեն հինգ րոպեն մեկ դադար… Շատ ծիծաղելի էր:
-Հե՞շտ ես հարմարվում օտար միջավայրում:
-Ես շատ հեշտ եմ հարմարվում, նույնիսկ, սննդի հետ կապված խնդիրներ չեմ ունենում: Յուրաքանչյուր երկրի խոհանոց սիրում եմ` բացառությամբ Վիետնամինը: Բայց երբ շաբաթվա ընթացքում միանգամից երկու կամ երեք երկիր ես այցելում, դա շատ դժվար է…Առհասարակ, կարծում եմ` իմ աշխատանքը շատ դժվար է, չնայած էկրանի մյուս կողմում շատերը երեւի ասում են` երանի նրան …Բայց այդ ամենի հետեւում չեք պատկերացնի, թե ինչ դժվարություններ կան:
-Շատ երկրներում ես եղել... Կա՞ մի երկիր, որտեղ դեռեւս չես եղել, բայց այնտեղ գնալը քեզ համար երազանք է:
-Չեմ եղել Աֆրիկայում, բայց շատ շուտով կլինեմ: Ամանորյա ծրագրերը հնց այնտեղ եմ պլանավորում նկարահանել` վտանգավոր Աֆրիկայում: Բայց խոստանում եմ` ծրագիրը շատ հետաքրքիր կլինի, եթե իհարկե անփորձանք վերադառնամ Հայաստան :)
Սյունե Առաքելյան
Աղբյուչը՝ NEWS.am STYLE