Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել Սերգո Կարապետյանը
ЭКОНОМИКАՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.amկայքում:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Խորհրդում են նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալներ Գուրգեն Դումանյանն ու Նունե Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ու խաղողագործության և գինեգործության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ստեղծվել է կառավարության հունիսի 23-ի որոշմամբ: Հիմնադրամի ստեղծման նպատակով 2016 թվականի ինն ամսում պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 103 մլն 500 հազար դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ լուրջ ակնկալիքներ ունի այս հիմնադրամի ստեղծումից և ավելացրել, որ պետք է աշխատանք տանել, որպեսզի ոլորտի արտադրանքի արտահանումն աճի: «Վրաստանում մեծ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում: Հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով մենք ստեղծում ենք այս հիմնադրամը»,- ասել էր վարչապետը: