1000 ամենախոշորները 6 ամսում բյուջե են վճարել 346,7 մլրդ դրամ
АНАЛИТИКАՊետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2016թ. առաջին կիսամյանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 21,7 մլրդ դրամով կամ 6,7%-ով՝ կազմելով 346,7 մլրդ դրամ: Բավականին փոփոխություններ են գրանցվել նաև լավագույն տասնյակում, որտեղ ինչպես եղել են փոխատեղումներ, այնպես հայտնվել են նոր ընկերություններ:
Թոփ 10-յակը 24,6 մլրդ դրամ հարկերի ծավալով շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիան»: Ընկերությունն անցած տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ գրանցել է ցուցանիշի 0,2% անկում:
Ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ 11,8 մլրդ դրամ հարկերի ծավալով: Այս ընկերությունը բարելավել է իր դիրքերը` արձանագրելով նախորդ տարվա ցուցանիշի շուրջ 60% աճ: Նախորդ տարի «Գրանդ Տոբակո» ընկերությունը ցուցակի 6-րդ տեղում էր: Այստեղ իր դերակատարումն է ունեցել նաև ծխախոտի արտադրության ոլորտում արձանագրված տնտեսական աճը, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 32,6%-ով:
Երրորդ հորիզոնականում 9,2 մլրդ դրամ հարկերի ընդհանուր ծավալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է: Ընկերության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4,4%-ով, այնուամենայնիվ, հարկատուների ցուցակում այն տեղաշարժ չի արձանագրել:
Վճարած հարկերի կտրուկ աճ է գրանցել «Թեղուտ»-ը՝ 18-րդ հորիզոնականից դառնալով 4-րդ խոշոր հարկատուն: Վերջինիս վճարած հարկերն ավելացել են շուրջ 3 անգամ՝ հասնելով 7,8 մլրդ դրամի: Ոլորտի մյուս խոշոր ընկերությունը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, թեև նախորդ տարի 3-րդն էր հանրապետությունում այս ցուցանիշով, սակայն այժմ զիջել է իր դիրքը՝ հասնելով 17-րդ հորիզոնականին: Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Ընկերության վճարած հարկերն անցած տարվա համեմատ նվազել են 15,3%-ով, իսկ այս կիսամյակ վճարել է 7,3 մլրդ դրամ հարկ:
Տասնյակի նորեկներից է նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը` 6,2 մլրդ դրամ հարկերով (աճ՝ շուրջ եռակի): Անցյալ տարվա առաջին կիսամյակում ընկերությունը 25-րդն էր, իսկ այժմ զբաղեցում է 6-րդ հորիզոնականը: 7-10-րդ հորիզոնականներում են հետևյալ ընկերություները՝ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»` 5 մլրդ 931 մլն 136.8 հազ. դրամ, «Ֆլեշ»` 5 մլրդ 830 մլն 477.1 հազար դրամ, «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերություն»` 5 մլրդ 599 մլն 699.6 հազ., «Հայկական ատոմային էլեկտրակայան»` 5 մլրդ 478 մլն 372 հազ. դրամ: