Ու՞ր են կորել երբեմնի հայտնի աստղերը և ինչով են զբաղված
ФОТО«Ժողովուրդ»-ը, ընդառաջ գնալով ընթերցողների խնդրանքներին եւ հաշվի առնելով մեր շարքի հանդեպ նրանց ցուցաբերած հետաքրքրությունը, շարունակում է «պեղել» երբեմնի հայտնի աստղերին, որոնք այսօր անհետացել են հանրային դաշտից (1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս, 4-րդ մաս): Մենք հետաքրքրվել ենք` որտեղ են նրանք, ինչով են զբաղված եւ հնարավոր է արդյոք առաջիկայում ակնկալել նախկին հայտնիների վերադարձը:
Այսպիսով` հերթական հայտնի դեմքը, որին «գտել ենք», հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանն է: Նա մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ սեպտեմբերին ինքն ու ամուսինը` դերասան, ռեժիսոր Նարբե Պողոսյանը, կվերադառնան եթեր: «Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, արդեն որոշել ենք հաղորման բնույթը, որի շրջանակում պետք է ներկայանանք, սակայն դեռեւս չենք ցանկանում դրա վերաբերյալ փակագծեր բացել»,- ասաց Աստղիկը` հավելելով, որ ինքը վերջին շրջանում զբաղված է երեխայի խնամքով, իսկ Նարբեն` իրենց ընտանեկան բիզնեսով` տարբեր կոորպորատիվների կազմակերպմամբ եւ մասնագիտացված խանութի գործերով:
Աստղիկն անկեղծորեն նշեց, որ իրենք էլ են շատ կարոտել էկրանը. «Պարզապես այս դադարը մեզ շատ էր պետք. նախ` հանգստացանք, եւ հետո` հեռուստադիտողը հասցրեց մեզ կարոտել»,-եզրափակեց նա:
Նախկինում հայտնի հաջորդ դեմքը, որի հետ հաջողվեց կապ հաստատել, երգչուհի, նախկին «4 տարբերակ» խմբի անդամ Նարինե Մկրտումյանն է: Նա մեզ հետ զրույցում խոստովանեց, որ խմբի կազմալուծումից հետո ինքը դեռ հստակ չի կողմնորոշվում, թե ինչ ոճում պետք է ներկայանա` որպես անհատ երգչուհի:
«Չեմ ուզում անել նույն բանը, ինչ անում են բոլորը: Ամեն դեպքում, ճիշտ է` էկրաններին չեմ երեւում, բայց որպես երգչուհի աշխատում եմ ակումբներում, երգում եմ միջոցառումների ժամանակ: Ի դեպ, ունեմ մի քանի նոր երգ, եկավ մի պահ, երբ սկսեցի ձայնագրվել, «Կյանքս կերել ես» հիթային մի երգի հիման վրա մտադիր էի տեսահոլովակ նկարահանել, սակայն Նորոյի համանուն երգի թողարկումից հետո հետ կանգնեցի այդ մտքից: Միգուցե գա պահ, որ ոգեւորվեմ, սկսեմ նոր տեմպով աշխատել, տեսնենք»,-ասաց նա` հավելելով, որ գոհ է իր վաստակած գումարից:
Զրույցի ավարտին Նարինեն անդրադարձավ նաեւ «4 տարբերակ» խմբի անդամների վերամիավորման մասին լուրերին` նշելով, թե շատ կցանկանար, որ դա իրականություն դառնար: