Իմաստուն ծնող լինելու 7 ոսկե կանոնները
ФОТОՏեսականորեն բոլորս գիտենք, թե ինչպես է պետք դաստիարակել երեխաներին: Բայց ժամանակի, համբերության ու իմաստնության պակասի պատճառով հաճախ այլ կերպ ենք մեզ դրսևորում: Սակայն կան կանոններ, որոնց պետք է հետևի ցանկացած ծնող իր երեխայի անհատականության ձևավորման ճանապարհին: Հիմնական կանոնը, որ պետք է հիշել՝ երեխային թևաթափ մի արա: Թույլ տուր նրան ազատ ճախրել և որոշ ժամանակ անց նա քեզ շնորհակալ կլինի դրա համար: Եղիր ոչ թե անձնուրաց ու «գիժ», այլ իմաստուն ծնող: Իսկ եթե ուզում ես իմանալ, թե ո՞վ է իմաստուն ծնողը, կարդա այս 7 կետերը.
1.Անձնուրաց ծնողը իր ողջ ժամանակը նվիրում է միայն ու բացառապես երեխային, մի կողմ թողնելով իր նախասիրությունները, հետաքրքրությունները: Իսկ իմաստուն ծնողը հոգ է տանում նախ ինքն իր հանդեպ: Հենց դա էլ նա սովորեցնում է իր զավակին՝ հոգատարություն սեփական անձի նկատմամբ:
2.Անձնուրաց ծնողը ամբողջ գիշեր կարող է անքուն մնալ ու կատարել երեխայի տնային առաջադրանքները: Իմաստուն ծնողը երեխային հասկացնում է, որ նա ինքնուրույն պիտի պատասխանատվություն կրի դրա համար: Եթե ինչ-որ բան չի ստացվում, միայն այդ ժամանակ է պետք ծնողը օգնության հասնի, բայց նա պետք է հուշի լուծման ձևը և ոչ թե անի դա երեխայի փոխարեն:
3.Շատ ծնողներ փորձում են սիրաշահել երեխային՝ նրա համար խաղալիքներ գնելով: Իսկ ահա իմաստուն ծնողը երեխային գումար է տալիս: Երեխան պետք է այդ տարիքից կարողանա որոշել իր ծախսերը, գումար տնտեսել, ինչպես նաև կամաց-կամաց հավաքել իր ուզած թանկարժեք խաղալիքի գումարը: Սակայն ծնողը պետք է վերահսկի այդ ողջ գործընթացը և հուշումներ ու խորհուրդներ տա ընթացքում:
4.Շատ հաճախ ծնողները չեն փորձում պարզել երեխայի վատ վարքի պատճառը և միայն պահանջում են, որ երեխան իրեն «խելոք պահի»: Իմաստուն ծնողը անպայման պետք է պարզի երեխայի վատ վարքի պատճառն ու նոր միայն օգնի նրան լուծել խնդիրը կամ հաղթահարել իրավիճակը, որը նրան անհագստացնում է:
5.Ինքնամոռաց ծնողը երազում է առաջին հերթին արժանապատիվ ու հաջողակ երեխա մեծացնել: Իմաստուն ծնողը ՝ սիրող ու նվիրված զավակ:
6.Ինքնամոռաց ծնողը շատ հաճախ իր երեխային տարբեր խնդիրներից ու սխալներից հեռու պահելով՝ գերադասում է անել նույնիսկ այն, ինչի համար երեխան իրեն չի դիմում: Իմաստուն ծնողները որոշ դեպքերում (եթե դա երեխային լրջորեն չի վնասի) թույլ են տալիս, որ երեխան սխալվի, իսկ հետո օգնում են ուղղել այդ սխալները և դասեր քաղել իրավիճակից:
7.Անձնուրաց ծնողները իրենց զավակներին թույլատրում են ամեն ինչ, միայն թե երեխաները չհիստերիկանան ու չլացեն, ինչից էլ հաճախ օգտվում են երեխաները: Իմաստուն ծնողը երբեք թույլ չի տալիս իր երեխային կամակորության շնորհիվ հասնել իր ուզածին: Նա պետք է երեխային հասկացնի, որ լացելով հարցեր չեն լուծում, ամեն ինչ կարելի է ուղղակի հանգիստ քննարկել:
Ահա այսպես, փոքրիկ քայլեր, որոնց շնորհիվ դուք ձեր երեխաների համար կլինեք ոչ միայն ծնող, սնող ու դաստիարակող, այլ նաև ուսուցիչ ու օրինակ, որից կարելի է կյանքի համար կարևոր դասեր սովորել: