ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը 3 բնակարան, 2 հողամաս եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա ունի
ЭКОНОМИКАՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2015թ. ունեցվածքի եւ դրամական միջոցների տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Սահմանադրական դատարանի անդամը նախորդ տարվա սկզբին ունեցել է 150 հազար եվրո եւ 200 հազար դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 115 հազար եվրո եւ 750 հազար դրամ:
Ալվինա Գյուլումյանի 2015թ. եկամուտները կազմել են 13 միլիոն 76 հազար դրամ եւ 8 հազար եվրո: Նա նախորդ տարվա ընթացքում երեք աշխատավարձ է ստացել՝ 9 միլիոն 973 հազար, 38 հազար եւ 45 հազար դրամի չափով: 8 հազար եվրոն ստացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից: Սրանից բացի` նա 3 միլիոն 20 հազար դրամի չափով վարկ է վերցրել:
Ըստ Գյուլումյանի 2014թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ վերջինս 3 բնակարան, 2 հողամաս, մեկ ավտոտնակ եւ MERCEDES-BENZ 240 մակնիշի ավտոմեքենա ունի:
Գյուլումյանի ամուսինը՝ Արիստակես Սողոմոնյանը, 43 հազար 500 եվրո եւ 800 ԱՄՆ դոլար ունի, իսկ նրա նախորդ տարվա տարեկան աշխատավարձն էլ կազմել է 1 միլիոն 80 հազար դրամ:
Նշենք, որ Ալվինա Գյուլումյանը դեռեւս 1996 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Սահմանադրական դատարանի անդամ։ 2003-2014թթ. զբաղեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը: Իսկ 2014թ. օգոստոսից կրկին նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան