Սպառողական շուկայում արձանագրվել է միջինը 2.3 տոկոս գնանկում
ЭКОНОМИКАԸնթացիկ տարվա հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.3 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պարենային ապրանքների 4.3 տոկոս գնանկման արդյունք է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2016թ. հունվար-հուլիսին» հաղոդագրությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1 տոկոսով, ծառայությունների սակագները՝ 1.3 տոկոսով:
2016թ. հուլիսին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.7 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 95 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 97 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 98.7 տոկոս:
2016 թվականի հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.5 տոկոս, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 0.2 տոկոսային կետով (0.3 տոկոս նվազում):
2016թ. հուլիսին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.7 տոկոս, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 97.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 97 տոկոս, ծառայությունների սակագներինը` 100.9 տոկոս:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 3.6-1.7տոկոսով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 2.3 տոկոսով: