Հաց տանող Արթուրի ծնունդը շնորհավոր. Ընկերները տորթ են տարել «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկար)
ФОТОNews.am-ը գրում է.
«Սասնա ծռերի» անդամներին հուլիսի 26-ին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 9-ին դարձավ 48 տարեկան: Նրա հարազատներն ու ընկերները հավաքվել էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ՝ նրա ծնունդը շնորհավորելու եւ Արթուրին տորթ փոխանցելու համար:
Հարազատներն ու ընկերներն իրենց հետ բերել են սնունդ, տորթ՝ «Հաց բերող Արթուրի ծննդյան առթիվ» գրառումով:
Լրագրողների հետ զրույցում Արթուրի ավագ եղբայրը՝ Արսեն Սարգսյանը նշեց, որ Արթուրը չի սիրում, երբ իր ծնունդը տոնում են: «Նա բնավորությամբ շատ համեստ է, եւ իր ծննդյան օրը գրեթե միշտ հեռախոսն անջատում է, որ չզանգեն, շնորհավորեն»,- ասաց եղբայրը՝ հավելելով, որ չնայած դրան, այնպես է ստացվել, որ ամեն տարի տոնել են. «Ես, որպես եղբայր, իհարկե արդարացնում եմ Արթուրի քայլը, իսկ եթե որպես կողքի մարդ, ասեմ, որ արածը հերոսություն է: Ինքը հերոսություն է գործել, որովհետեւ վտանգը անտեսելով, սնունդ է հասցրել այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեցել են: Ես այսօր նրան կալանավորել են, այն դեպքում, երբ առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ իրեն չի կարելի պահել նման պայմաններում»:
Նշենք, որ Արթուր Սարգսյանի ընկերներին եւ հարազատներին թույլ տվեցին իրենց հետ բերած երեք տորթերը փոխանցել ներս: Ընկերները նշեցին, որ այսօր՝ Արթուրի ծննդյան օրը տորթ են ուտելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բոլոր կալանավորները:
Նշենք, որ Արթուր Սարգսյանը Երեւանի բնակիչ է, մասնագիտությամբ մանկավարժ, երկար տարիներ աշխատել է Մանկավարժական համալսարանում ֆիզիկա է դասավանդել: Նա նաեւ լավ փորագրիչ է, իր աշխատանքներն է վաճառում Վերնիսաժում: Արթուր Սարգսյանն ապրում է միայնակ, ունի դուստր, որը բնակվում է ԱՄՆ-ում: Արցախյան ազատամարտի մասնակից է, այդ տարիներին էլ նա սնունդ է հասցրել առաջին գծում կռվողներին: