Հայաստանում կկայանա ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը
СПОРТՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացնի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը:
Այս փուլում մերոնց մրցակիցները կլինեն Կիպրոսը ներկայացնող «Հապոել»-ը, Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ մանիակս» եւ Դանիան ներկայացնող «Գենտոֆտե» թիմերը: Մասնակցող թիմերից յուրաքանչյուրն իր երկրի գործող չեմպիոնն է եւ բավականին բարձր դիրք ունի ֆուտզալի համաշխարհային վարկանշավորման աղյուսակում:
Ինչպես հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանն աջակցում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան