Գյուղնախարարն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հարցեր
ЭКОНОМИКАՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ մեր երկրում նրա առաքելության ընթացքում հայ-ղազախական երկկողմ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կդառնան առավել ակտի վ և արդյունավետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հայաստանի և Ղազախստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա համագործակցության ողջ ներուժը դեռևս ամբողջովին չի օգտագործվում, և այս առումով հարկավոր է ակտիվացնել համատեղ աշխատանքները»,-նշել է նախարարը: Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին` ընդգծելով, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բարենպաստ պայմաններ է ստեղծել Հայաստանում ոլորտի դինամիկ աճի և հայրենական արտադրանքի արտահանման և իրացման շուկաների ընդլայնման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում նախարարն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանից դեպի Ղազախստան պտուղ-բանջարեղենի, գինու, կոնյակի, պահածոյացված արտադրանքի և այլ գյուղմթերքի արտահանման կազմակերպման և արդեն արտահանվող ապրանքների ծավալների մեծացման հնարավորությունը:
Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` վերամշակված արտադրանքը հետագայում ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանելու և այնտեղ իրացնելու հեռանկարով:
Պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել ղազախական ընկերություններին տեղական ձեռնարկությունների հետ գործարար կապերի հաստատման խնդրում` նախարար Սերգո Կարապետյանն հնարավոր է համարել Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-համաժողով, որը հնարավորություն կընձեռի ղազախ գործարարներին ծանոթանալ մեր երկրում արտադրվող պարենային արտադրանքին և լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի աշխուժացման համար:
Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար: