Պտուղ-բանջարեղենի արտահանումը ավելացել է գրեթե 2 անգամ
ЭКОНОМИКАՕգոստոսի 8-ի դրությամբ էլ հանրապետությունից արտահանվել է 85 հազար 326 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015թ. նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49 հազար 827 տոննա պտուղ-բանջարեղեն: Այսօրվա դրությամբ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մակարդակը գերազանցում են ավելի քան 35 հազար 500 տոննայով կամ ավելի քան 1.7 անգամ:
Ընթացիկ տարում պտուղ-բանջարեղենի մթերման պահանջարկը կազմել է շուրջ 71282 տոննա բանջարեղեն, որից՝ 47780 տոննա լոլիկ, 26808 տոննա պտուղ, որից՝ 6472 տոննա խնձոր, 5334 տոննա դեղձ, 7640 տոննա ծիրան եւ 7362 տոննա այլ պտուղ:
Ինչպես հայտնում են Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վերամշակող ընկերությունների կողմից պտուղ-բանջարեղենի մթերումների պահանջարկը շուրջ 34 հազար տոննայով (35 տոկոսով) գերազանցել է նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի մթերման ծավալները, մասնավորապես` 17 հազար տոննայով լոլիկի, 1000 տոննայով ծիրանի, հազար 600 տոննայով դեղձի եւ 3 հազար 700 տոննայով խնձորի ծավալները:
Համաձայն հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից հավաքագրված, ամփոփված եւ Գյուղատնտեսության նախարարին ներկայացված տեղեկատվության` այս տարվա օգոստոսի 9-ի դրությամբ հանրապետության պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 1972.0 տոննա բանջարեղեն, որից՝ 1075.0 տոննա լոլիկ եւ 10224.0 տոննա պտուղ, որից՝ 6455.0 տոննա ծիրան, 1036.0 տոննա հատապտուղ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան