Մերի Մակարյանի ծննդյան տարեդարձի յուրահատուկ անակնկալը և իր մաղթանքն ինքն իրեն (տեսանյութ)
ФОТОTert.am Life-ը գրում է
Այսօր հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Մերի Մակարյանի ծննդյան տարեդարձն է: Մերին շատ է սիրում իր ծննդյան օրն ու ամեն տարի ուրախ տրամադրությամբ է նշում. «Չի եղել մի դեպք, երբ տարեդարձիս միայնակ լինեմ կամ անտրամադիր»:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ այս տարի տարեդարձը որոշել է տոնել Ծաղկաձորում:
«Ունեմ լավ տրամադրություն, շրջապատված եմ լավ մարդկանցով: Այս տարի ևս փորձել եմ կազմակերպել տարեդարձս, բայց քաղաքից դուրս: Անցյալ տարվա նման շատ հյուրեր չեմ ունենա, բայց մտերիմներս լինելու են»:
Չխախտելով ավանդույթը` Մերին հյուրերին ամեն տարի ներկայանում է ճերմակ զգեստով: Այս տարի ևս բացառություն չէ. «Ամեն տարի ծննդյանս օրը սպիտակ հագուստով եմ լինում. այդ գույնը մաքրություն է խորհրդանշում, իսկ տարեդարձերին մարդ պետք է մաքուր լինի, չէ որ նոր է ծնվել: Փորձում եմ ավանդույթները պահպանել»:
Անցյալ տարի դերասանուհին շատ մեծ շուքով է նշել տարեդարձը: Կարմիր գորգ է եղել, հոբելյարի պատկերով ֆոտոստենդ, որի հետ նկարվել են ընկերները, հետաքրքիր էր իմանալ իսկ այս տարի յուրատեսակ անակնկալ ունենալո՞ւ են հյուրերը. «Այս տարի ինչ-որ բան չեմ մտածել, բայց գուցե ընկերներս մտածած լինեն: Օրը դեռ նոր է սկսվել ու առայժմ չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»,-նշեց Մերին:
Պարզվում է տարեդարձը բավականին աղմկոտ է սկսվել: Մերին ակումբներից մեկում է աշխատում և 00:01-ին աշխատանքի վայրում է եղել, կոլեգաները և ակումբի հյուրերը նրա տոնից անմասն չեն մնացել. «Կոլեգաներս միշտ նրբանկատ են ու ինձ անուշադրության չմատնեցին: Յուրահատուկ անակնկալ էր պատրաստել փոքրիկ քույրս: Նա չգիտեմ ինչպես, բայց կապվել է ընկերներիս հետ ու բոլորի հետ նկարահանել ինձ ուղղված շնորհավորանքներ: Առհասարակ չէի սպասում և գաղափար անգամ չունեի, որ կկարողանա կապ հաստատել բոլոր մտերիմներիս հետ: Ծննդյանս տոնի իսկական անակնկալն է»,- անկեղծացավ Մերին:
Հաղորդավարուհին տորթի մոմերը փչելիս միշտ հանպատրաստից է երազանք պահում: Հետաքրքիր է իրականություն դարձել է արդյո՞ք որևէ տարվա երազանք հարցին Մերին պատասխանեց. «Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ անգամ չեմ հիշում ինչ եմ պահել: Ինձ շատ լավ եմ զգում, ինչ-որ բանի պակաս չունեմ: Ինձ թվում է, որ իրականում կատարվել են երազանքներս, քանի որ վատ մարդկանց չեմ հանդիպել»:
Երիտասարդ աղջիկները իրենց տարեդարձներին գրեթե միշտ ծաղիկներ ու շնորհավորանքներ են ստանում որևէ «գաղտնի» երկրպագուից: Ենթադրում ենք, որ Մերին ևս նման անակնկալ ստացած կլինի:
«Անանուն ծաղիկներ դեռ չեմ ստացել: Եղբայրս էր գիշերը ծաղիկներ ուղարկել: Երիտասարդի հետ կապված էլ չեմ ուզում ասել: Դե իհարկե, աղջիկ եմ ու հնարավոր է, որ ծաղիկներ ստացած լինեմ»:
Վերջում Մերին ցանկություն հայտնեց ինքն իրեն շնորհավորել:
«Ես էլ եմ ուզում ինձ շնորհավորել ծննդյանս տարեդարձի կապակցությամբ: Կյանքում վատ մարդկանց չեմ հանդիպել, իսկ դա շատ եմ կարևորում: Մարդկանց կյանքում վատ դեպքեր լինում են՝ դժվարություններ, դավաճանություններ, կորուստներ, վատ երևույթներ, որ իմ կյանքում դեռևս չեն եղել: Ուզում եմ, որ ամեն ինչ այսպես շարունակվի, որ մայրս միշտ կողքիս լինի: Թող կյանքս միշտ այսքան դրական մնա»: