Երիտասարդ դիզայներ Սոնյա Ավագյանի նորաձեւ հավաքածուն` նվիրված Երեւանին
ЛАЙФԵրիտասարդ դիզայներ Սոնյա Ավագյանն արդեն մոտ երեք տարի է, ինչ զբաղվում է հագուստի մոդելավորմամբ: Այդ ժամանակ 17-ամյա մոդելավորողը պատրաստում էր իլուստրացիոն դիմանկարներով շապիկներ: Սոնյայի ներկայացրած նոր` EVN Urban հավաքածուն ամբողջովին նվիրված է Երեւան քաղաքին: Շապիկների մեծ մասը հենց իրենց վրա կրում էին Yerevan մակագրությունը: Ո՞ւմ համար են ստեղծված Սոնյայի շապիկները եւ ո՞րն է լինելոււ դիզայների առաջիկա հավաքածուի թեման: Հարցերի պատասխանները ճշտեցինք դիզայներից.
«Իմ հագուստը ստեղծված է նրանց համար, ովքեր կսիրեն այն, չեմ ցանկանում ինչ-որ դասակարգումներ անել: Տարբեր տեսակի եւ տարիքի գնորդներ եմ միշտ ունեցել, թեեւ յուրաքանչյուր հավաքածուն թիրախային է»,-ասում է Սոնյան, որն ամբողջովին կենտրոնացած է առօրյա ոճի կերպարներ ստեղծելու վրա.
«Չեմ կարծում, թե երբեւէ կստեղծեմ զգեստներ: Առօրյա հագուստների կերպարներն ավելի եմ կարեւորում»:
Ինչպես շատ դիզայներներ` Սոնյան էլ ունի ոգեշնչման աղբյուրներ, սակայն նշում է. «Ժամանակի ընթացքում ոգեշնչման աղբյուրներս փոփոխվում են` մեկից հիասթափվում ես, մյուսով հրապուրվում: Այս պահին դժվար, թե կարողանամ մեկին նշել»:
Երիտասարդ դիզայներից հետաքրքրվեցինք` արդյո՞ք առաջիկայում չի պատրաստվում ստեղծել նաեւ տղամարդկանց հավաքածու.
«Ոչ, նման միտք չունեմ: Մոտակա ժամանակներս հնարավոր է unisex հավաքածու ունենամ»:
Դիզայների խոսքով` իր մյուս հավաքածուն լինելու է EVN Urban-ի շարունակությունը, սակայն նա դեռեւս չցանկացավ բացել փակագծերը.
«Դեռ չեմ մանրամասնի. թող մնա անակնկալ:)»:
Սյունե Առաքելյան