Հաճելի է մրցանակներ ստանալ. Էրիկը, Սիրուշոն, Հռիփսիմեն, Նազենին և այլք կմասնակցեն Armenian Europe Music Awards Paris-ին
ФОТОLife.tert.am-ը գրում է.
Առաջին անգամ 2017 թվականի մարտի 26-ին Փարիզի Զենիթ համալիրում տեղի կունենա Armenian Europe Music Awards Paris երաժշտական մրցանակաբաշխությունը:
Շուրջ 5900 նստատեղով և գերհզոր տեխնիկայով համալիրը պատրաստվում է նշել հայ մշակույթի և երգարվեստի շոու երեկոն, որին մասնակցելու են հայ արտիստներ` Նազենի Հովհաննիսյանը, Հրաչյա Հարությունյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռոլանդ Գասպարյանը, Սոֆի Դևոյանը, Իվետա Մուկուչյանը, Նունե Եսայանը, Արտո Թունջբոյաջյանը, Էրիկը, Սոնան, Հայկոն, Արաքսյա Վարդերեսյանը, Նանուլը և շատ ու շատ հայ արտիստներ, որոնց անունները ժամանակի ընթացքում հրապարակվում է Armenian Europe Music Awards-ի ֆեյսբուքյան էջում:
Վերոնշյալ արտիստները դեռևս տեղյակ չեն, թե որ անվանակարգերում են նրանք նոմինացված և ինչ մրցանակներ կստանան, բայց արդեն սկսել են իրենց ելույթի նախապատրաստական աշխատանքները:
«Տարբեր մրցանակաբաշխությունների եմ մասնակցել, որոնք կազմակերպվել է Ռուսաստանում, Հայաստանում և Միացյալ Նահանգներում, իսկ Եվրոպայում առաջին անգամ է կազմակերպվում: Ողջունելի է, որ սա կարող է խթան հանդիսանալ հայկական մշակույթի տարածմանը: Բացի այս Եվրոպայում բնակվող հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա լսել իր սիրելի արտիստների կատարումները: Այս մրցանակաբաշխությունից միակ ակնկալիքս հանդիսատեսի ընդունելությունն է։ Իհարկե հաճելի է մրցանակներ ստանալ, բայց չեմ կարող ասել, թե որ անվանակարգում կլինեմ: Սկսել եմ ելույթիս նախապատրաստական աշխատանքները: Մի քանի տարբերակներ քննարկվում են: Հնարավոր է, որ նոր երգով ներկայանամ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ Էրիկը:
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նույնպես չկարողացավ կանխատեսել, թե որ անվանակարգում է նա նոմինացված, բայց երգչուհու միակ սպասելիքը այն է, որ հանդիպի Եվրոպայի հայ հանդիսատեսին:
«Առաջնային սպասելիքս իհարկե հանդիսատեսիս հետ հանդիպումն է: Ամեն անգամ, եվրոպայաբնակ հանդիսատեսին ներկայանալիս, արժանացել եմ ջերմ ընդունելության»,- պատմեց Հռիփսիմեն:
Նշենք, որ մրցանակաբաշխությունը կազմակերպում են Anna Karolina , Shahbazian և Armen Adrian Production-ները:
Մելինե Տոնոյան