Աշնանը նշանակալի թանկացումներ կլինեն. զարգացումները լավ բան չեն խոստանում
ЭКОНОМИКА«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամառն ավարտվում է, եւ եկող շաբաթվանից կսկսվի աշունը, սակայն այս հանգամանքը Հայաստանի բնակչությանը ոչ մի լավ բան չի խոստանում: Բանն այն է, որ սեպտեմբերի սկզբից ձեռնարկությունները կսկսեն հաշվարկել, թե իրենց ծախսերում որքանով է ավելացել էլէներգիայի վարձավճարի չափը:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով դեռեւս երկու շաբաթ առաջ հայտարարել են, որ ձեռնարկությունների էլէներգիայի ծախսը իրենք չեն պատրաստվում փոխհատուցել: Ինչը նշանակում է, որ ձեռնարկությունների համար էլէներգիայի սակագնի 7 դրամով թանկացումը օգոստոսի 1-ից ուժի մեջ է, եւ սեպտեմբերի սկզբին նրանք նոր սակագնով առաջին հաշիվները կստանան:
«ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե էլէներգիայի 17 տոկոսով թանկացումը սպառողական գների ինչպիսի բարձրացման կհանգեցնի: Բայց որ առջեւում մեզ թանկացումներ են սպասվում, այն էլ նշանակալի չափերով, դա արդեն կասկածից վեր է:
Ավելին՝ վերջին օրերին միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումները եւս ոչ մի լավ բան չեն խոստանում, ու չի բացառվում, որ մոտ ապագայում դրամը կրկին արժեզրկվի: Եթե իրադարձությունները զարգանան հենց այդ սցենարով, ապա այդ գործոնը եւս իր հերթին լրացուցիչ թանկացումների պատճառ կդառնա: Մի խոսքով, հիրավի կարելի է ասել՝ ամա՛ռ, մի՛ շտապիր գնալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում