Սերգո Կարապետյանն այցելել է Արարատի մարզի կարկտահարված դաշտեր
ЭКОНОМИКАՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզի մի շարք համայնքներ' ծանոթանալու օգոստոսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքների կրած վնասներին: Սկզբում նախարարն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է բնական աղետից ամենաշատը տուժած Շահումյան համայնք, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին:
Այնուհետև նախարարն ուղևորվել է կարկտահարությունից վնասներ կրած Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ և Ոստան համայնքներ: Տուժած բոլոր տնտեսություններում նախարարը զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու համար ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնց աշխատանքի արդյունքներն ամփոփումից հետո կներկայացվեն ՀՀ կառավարություն:
«Հիմա առաջնահերթ խնդիրներից է վերականգնել կարկտահարված այգիները, որպեսզի հաջորդ տարի հաջողվի լիարժեք բերք ապահովել»,-նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նաև հավելել է, որ առաջիկայում կառավարությունում կննարկվի վարկերի հետաձգման հարցը և կցուցաբերվի անհատական մոտեցում։
Ընդհանուր առմամբ, Արմավիրի և Արարատի մարզում կարկտահարության արդյունքում տարբեր չափի վնասներ է կրել շուրջ 16 համայնք, իսկ Շիրակի մարզում 3 համայնք։