30-ականներին տեսել է Մեծ ճգնաժամը, 40-ականներին մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին՝ որպես նավատորմի սպա, 50-ականներին որպես պաշտպանության նախարարի խորհրդատու՝ օգնել է կերտել Սառը պատերազմի ամերիկյան քաղաքականությունը և արդեն 60- ականներին՝ Կորեայի և Վիետնամի պատերազմների ժամանակ, ութ տարի աշխատել է Պենտագոնում:
Իգնաշիուսն իր հուշերում գրում է ԱՄՆ նախագահներ Քենեդու, Ջոնսոնի, Նիքսոնի, պաշտպանության նախարար Ռոբերտ Մաքնամարայի մասին, նկարագրում իր կենսագրության և կարիերայի ամենաուրախ ու ամենատխուր պահերը և այդ ամենի արանքում ո′չ հպանցիկ, ո′չ էլ շատ կարևորելով՝ հիշատակում է. ինքը հայ է: Իգնացյանները 1900-ականներին գաղթել են Լոնդոն, որովհետև Փոլի պապը լրագրող էր և գրել էր հակաօսմանական հոդված: Հետո գաղթում են ԱՄՆ: Կալիֆոռնիա: Երբ զրուցում էինք Ֆրեզնոյի մասին, նկատեց. «Ֆրեզնոյի հայերից հիշում եմ Վիլյամ Սարոյանին: Մեր տուն հաճախ էր գալիս: Այդ տարի գրել էր «Հե′յ, ո՞վ կա այդտեղ» պիեսը ու մեծ հաջողություն էր ունեցել: Ես ընդամենը պատանի էի: Ինքն էլ՝ մի 25 տարեկան: Ծնողներս Վիլյամի ընկերներն էին, նրան հրավիրել էին, բայց այնքան խոսեցին պիեսի մասին, որ ձանձրացավ: Եկավ, ասաց. «Ի՞նչ ես անում, արի գնանք զբոսնելու: Հոգնեցի էս զրույցներից»:
Փոլ Իգնաշիուսն ունեցել է փայլուն կարիերա՝ սովորելով Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Հենց այդտեղ ստացած կառավարման ոլորտի գիտելիքները կդառնան վճռորոշ՝ Վաշինգտոնում պետական ծառայության աշխատանքի անցնելու համար: Արդեն 80-ն անց այս արտասովոր մարդը բացառիկ համեստությամբ ու զինվորականի ճշգրտությամբ պատասխանում էր իմ բոլոր հարցերին՝ միջանկյալ նշելով, որ իր ավագ որդին ամերիկյան «Time» թերթի գլխավոր խմբագիրն է, իսկ մյուս որդին՝ «Newsweek»ի քաղաքական բաժնի պատասխանատուն:
Մեր զրույցը սկսեց հենց ինքը, փոքրիկ խնդրանքով.
– Արտա′կ, երբեմն լավ չեմ լսում, այդ պատճառով խնդրում եմ մի քիչ բարձր խոսես…
– Շատ լավ: Ձեր հայրն ինչո՞ւ որոշեց տեղափոխվել ԱՄՆ:
– Ամերիկա ներգաղթելուց մեկ տարի առաջ նա եկավ Նահանգներ, որտեղ ուներ բարեկամներ, և շատ հավանեց Կալիֆոռնիայի ջերմ եղանակը: Լոնդոնի եղանակը՝ ցուրտ ու անձրևոտ, իրենը չէր, այդ պատճառով որոշեց գալ Կալիֆոռնիա, Գլենդել, 1911-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ