Երազանքը կարող է ավելի քան մոտ լինել. ՊանԱրմենիան մեդիա դպրոցն առաջարկում է ուսման այլ տարբերակ
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Սեպտեմբերի 5-ից սկսած ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը մեդիա գրուպ լինելուց զատ շատերի համար կդառնա նաև կրթահամալիր: ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը`լինելով Հայաստանի ամենամեծ մեդիա միավորումը, ներկայացնում է նոր նախագիծ՝ ՊանԱրմենիան մեդիա դպրոց:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տիրապետել ժամանակակից մեդիայի գործիքներին և հետագայում աշխատել հեռուստատեսությունում, ռադիոյում, տպագիր կամ առցանց մամուլում, արդեն ունեն այդ հնարավորությունը. նրանք իրենց մասնագիտական ուսումնառությունը կանցնեն ՊանԱրմենիան մեդիա դպրոցում:
Մեկ ամիս առաջ հայտարարվեց ՊանԱրմենիան մեդիա դպրոցի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների համար՝ հաղորդավարական աշխատանք, մոնտաժի արվեստ, օպերատորություն, ռեժիսուրա, լրագրություն և պրոդյուսերական գործ:
«Դպրոցի ընդունելության մասին հայտարարության տարածվելուն պես 200-ից ավելի դիմորդներ եղան: Ընտրվել է 45 ուսանող. նրանք, ըստ մասնագետների, առավել մեծ ներուժ ունեն՝ հետագայում մեդիա ոլորտում գործունեություն ծավալելու համար: Պետք է նշել նաև, որ ՊանԱրմենիան մեդիա գրուպի բոլոր աշխատակիցները հնարավորություն ունեն դպրոցի դասերին մասնակցելու և վերազինելու իրենց մասնագիտական հմտությունները»,- ասաց ՊանԱրմենիան մեդիա դպրոցի ղեկավար Նաիրա Իսահակյանը:
Ուսանողներին մեդիա գրուպի մեծ ընտանիք ընդունեցին մեծ հանդիսավորությամբ: Կազմակերպվել էր հատուկ ընդունելություն։ Ներկա էին գրեթե բոլոր դասավանդող մասնագետները. յուրաքանչյուրն իր ջերմ ու ոգևորող խոսքով բարի գալուստ մաղթեց ապագա մեդիա մասնագետներին:
«Սա կլինի փորձի փոխանակման լավագույն տարբերակը: Փորձելու եմ տալ և ստանալ: Ամեն անգամ լսարան մտնելը մի յուրատեսակ զգացում ու ադրենալին է: Շատ ոգևորված եմ ու հավատում եմ այն աչքերի փայլին, որով նրանք եկել են այստեղ: Նրանք կլինեն մեր աշխատասենյակներում ու կստանան փորձի փոխանակում նաև պրակտիկ ձևով»,- ասաց հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:
Ուսման տևողությունը 6 ամիս է: Դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները՝ Նազենի Հովհաննիսյան, Արտակ Ալեքսանյան, Հրաչ Մուրադյան, Արտակ Հերիքյան, Գնել Նալբանդյան, Ռուբեն Մխիթարյան, Հրաչ Քեշիշյան:
Ժամը լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ ուսանողներին սովորեցնելու է արևմտյան լրագրության կանոնները, քանի որ արևելյան կանոններ չկան:
Բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել մասնակցել ընդունելությանը, դեռ ունեն դիմելու հնարավորություն հետևյալ մասնագիտություններով՝ լրագրություն, պրոդյուսերական աշխատանք, ռեժիսուրա, ինչպես նաև նոր մասնագիտությամբ՝ հնչյունային ռեժիսուրա: Լավագույն ուսանողները հնարավորություն կստանան հետագայում աշխատելու «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմ մտնող որևէ ընկերությունում:
Նյութը՝ Անահիտ Կասամանյանի