Հայաստանի ձկնաբուծությունը. հեռանկարներ եւ խոչընդոտներ
ЭКОНОМИКАՋրային մշակույթի ուղղություններից մեկը՝ արհեստական ձկնաբուծությունը, Հայաստանում նոր ճյուղ չէ: Դեռեւս խորհրդային տարիներին մանրածախ առեւտրի համար կենդանի ձուկ էր մատակարարվում (հիմնականում ծածան), որը լճակային տնտեսությունների արտադրանք էր: Ներկայումս վաճառվող ձկան տեսականին զգալիորեն ընդլայնվել է՝ թառափի եւ սաղմոնի հաշվին:
Հայաստանում ձկան սպառման միջին մակարդակը մշտապես ցածր է եղել, ինչը խորհրդային տարիներին բացատրվում էր սննդակարգի ազգային ավանդույթներով: Սակայն այդ «ավանդույթները» ամբողջովին մոռացվեցին 90-ական թվականների սկզբին, երբ Սեւանա լճի «սիգը» քաղցից տառացիորեն փրկեց բնակչության լայն շերտերին:
«Սիգն» այդ ծանր տարիներն, այնուամենայնիվ, «վերապրեց», սակայն հետագայում ջախջախիչ հարված ստացավ շարունակվող զանգվածային «օրինական» ձկնորսությամբ (չնայած պարենմթերքի հարցի բարելավմանը), որը խորացնում էր ոչ պակաս զանգվածային որսագողությունը:
«Սիգի» պոպուլյացիայի փաստացի ոչնչացումից հետո (որը 20-30-ական թվականներին բերվել էր Ռուսաստանից՝ Լադոգա լճից), սկսվեցին միայն Սեւանին հատուկ ձկնատեսակի՝ «իշխանի» վերականգնման աշխատանքները: Այդ նախագիծը, դրա հեղինակների խոսքով, բավական հեռանկարային է: Չնայած դրան, որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ներկա պայմաններում որքան հնարավոր է Սեւանում վերականգնել «սիգի» պոպուլյացիան:
Այժմ ձկան արտադրության ծավալը որոշակի հաջողության է հասել ջրային մշակույթի շնորհիվ: Այսպես՝ հունվար-հուլիսին ձկնաբուծության եւ անասնաբուծության արտադրանքի ծավալի հարաբերակցությունը կազմել է մոտ 1-ը 12-ին: Դա շա՞տ է, թե՞ քիչ: Հայրենական անասնաբուծությունը, իհարկե, լավագույնը ցանկանալու հնարավորություն է տալիս, այդուհանդերձ հաշվվում է գրեթե 1,7 մլն գլուխ:
Հաշվի առնենք, որ այս ճյուղերի արտադրանքի մանրածախ գինն առանձնապես չի տարբերվում: Օրինակ՝ ընթացիկ տարվա հուլիսին մայրաքաղաքում տավարի 1 կգ միսն արժեր 2490 դրամ, իսկ «ստերլեդ» կոչվող ձկան (որն իրականում սիբիրյան թառափն է) 1 կգ-ն արժեր 2407 դրամ:
Հասկանալի է, որ հայրենական ձկնաբուծության հետագա զարգացումը մեծապես կախված է արտադրանքի արտահանումից: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին ձկնարտադրության ծավալում արտահանման մասնաբաժինը աճել է 0,9 տոկոսային կետով՝ վերջնարդյունքում կազմելով 8,9 տոկոս:
Սակայն խնդիրներ են ծագել հայրենական արտադրանքը ներմուծող առաջատար երկրում՝ Ռուսաստանում, որին է բաժին հասնում թարմ ձկան ամբողջ արտահանումը: Մեր մաքսատան տվյալներով՝ հունվար-հունիսին Ռուսաստան է արտահանվել 773,2 տոննա թարմ ձուկ, որը 19,8 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:
Սակայն մաքսատուրքերի նվազման հետեւանքով այդ երկիր թարմ ձկան արտահանումն արժեքային արտահայտությամբ կրճատվել է գրեթե 12 տոկոսով: Անցյալ տարի այդպիսի պատճառների հետեւանքով սնանկացել է ճյուղի առաջատար արտահանող ընկերություններից մեկը՝ «Յունիֆիշ» ՍՊԸ-ն:
Լճային ձկնաբուծության զարգացմանը խոչընդոտում են պետական գերատեսչությունների եւ այդ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների իջեւ առկա տարաձայնությունները (օրինակ՝ արտեզյան ջրերի օգտագործման եւ այլ հարցերում): Նշենք, որ մի շարք երկրներում պետությունն այդ ճյուղը սուբսիդավորում է, այլ ոչ թե միայն հարկեր կորզում:
Սմբատ Գրիգորյան