Տեղի ունեցան շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադայի 5-րդ տուրի հանդիպումները
СПОРТՏեղի ունեցան շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադայի 5-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը, ներկայացնում է կա նանց և տղամարդկանց մրցաշարերում գրանցված արդյունքները:
Տղամարդկանց մրցաշարի 6 առաջատար թիմերը մրցում էին միմյանց դեմ: Տուրի կենտրոնական մրցախաղն էր համարվում Ուկրաինա-Չինաստան դիմակայությունը, որն ավարտվեց Ուկրաինայի հավաքականի հաղթանակով: Ուկրաինայի թիմի կազմում հաղթանակ տոնեց Յուրի Կրիվոռուչկոն, իսկ մրցախաղի մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Հաղթանակ տարավ նաև Հոլանդիայի հավաքականը, որի մրցակիցն էր Բելառուսի հավաքականը, իսկ առաջատարների երրորդ զույգում Հնդկաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ադրբեջանին: 5-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև մրցաշարի ֆավորիտներ հա նդիսացող Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավաքականները, որոնք 4-րդ տուրում միավորային կորուստներ էին կրել: Այսպիսով, մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հոլանդիայի, Ուկրաինայի և Հնդկաստանի հավաքականները, որոնք իրենց ակտիվում ունեն 10-ական միավոր: Չեխիայի, Վրաստանի և ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 9-ական միավոր և կիսում են 4-6-րդ հորիզոնականները: 6-րդ տուրում կենտրոնական են լինելու Հնդկաստան-Հոլանդիա, ԱՄՆ-Ուկրաինա և Չեխիա-Վրաստան մրցախաղերը:
Կանանց մրցաշարում 4-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Սերբիայի և Ղազախստանի հավաքականները: 5-րդ տուրում Սերբիան մրցում էր Ուկրաինայի, իսկ Ռուսաստանը` Ղազախստանի դեմ: Ուկրաինան 3-1 հաշվով առավելության հասավ Սերբիայի նկատմամբ, իսկ Ռուսաստանը 3,5-0,5 հաշվով հաղթեց Ղազախստանին:
Խաղացված 5 տուրից հետո Ուկրաինան ու Ռուսաստանը գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում տեղի կունենա կանանց մրցաշարի կենտրոնական մրցախաղերից մեկը, որում միմյանց հետ կմրցեն Ուկրաինան և Ռուսաստանը:
Սեպտեմբերի 7-ը օլիմպիադայում հանգստյան օր է: 6-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: