Որքա˚ն է կազմում բյուջեի պակասուրդը և ինչպե˚ս է այն ֆինանսավորվել
АНАЛИТИКАՄեր երկրի բյուջետային համակարգի բաղկացուցիչ մասերից մեկը մշտապես եղել է բյուջեի պակասուրդը: Տարբեր տնտեսագետներ այս հարցին տարբեր կերպ են մոտենում՝ նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է պակասուրդային բյուջեի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Դժվար է ասել, թե մեր երկրի տնտեսական համակարգի վրա ինչ ազդեցություն է ունենում վերջինս, սակայն այն շեշտադրումը, որ առանց պակասուրդի այսօր մեր բյուջեն բնականոն գործունեություն չի կարող ապահովել, փակում է բոլոր հարցերը:
2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 84.8 մլրդ դրամ պակասուրդով` 27.3%-ով զիջելով ծրագրով սահմանված ցուցանիշը և 50%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը: Շեղումը մեծ մասամբ պայմանավորված է ծախսերի կատարողականով, ինչի արդյունքում բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից (ներառյալ ժամանակավոր ազատ միջոցները) օգտագործումը կազմել է 67.6 մլրդ դրամ` կիսամյակային ծրագրով նախատեսված 119.4 մլրդ դրամի դիմաց, իսկ արտաքին աղբյուրներում դրամաշնորհային և վարկային միջոցների մնացորդից նախատեսված շուրջ 2.1 մլրդ դրամ օգտագործման փոխարեն դրանք ավելացել են 10 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ներքին աղբյուրներից պակասուրդի ֆինանսավորումը կազմել է 93.6 մլրդ դրամ` կազմելով ծրագրված ցուցանիշի 83.5%-ը: Շեղումը, ինչպես նշվեց, հիմնականում առաջացել է բյուջեի ազատ միջոցների պակաս օգտագործման արդյունքում:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 8.8 մլրդ դրամ` նախատեսված 4.5 մլրդ դրամի դիմաց, որը հիմնականում պայմանավորված է վարկային և դրամաշնորհային միջոցների տարեսկզբի մնացորդը չօգտագործելու և վերջինիս ավելացման, ինչպես նաև արտաքին աղբյուրներից վարկային միջոցների պակաս ներգրավման հանգամանքներով:
Արտաքին փոխառու միջոցների հաշվին պակասուրդի զուտ ֆինանսավորումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 26.7 մլրդ դրամ` նախատեսված 29 մլրդ դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվել են շուրջ 43.1 մլրդ դրամի վարկային միջոցներ` կազմելով կիսամյակային ծրագրի 92.6%-ը, որը պայմանավորված է նշված միջոցներով իրականացվող ծրագրերի կատարման աստիճանով: Մասնավորապես` 37 ծրագրի շրջանակում նախատեսված շուրջ 20.8 մլրդ դրամի միջոցներն առաջին կիսամյակում չեն ստացվել:
2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 2,128.7 մլրդ դրամ (4,468.9 մլն ԱՄՆ դոլար): Պարտքի հիմնական մասը` 1,891.9 մլրդ դրամը (3,971.8 մլն ԱՄՆ դոլարը) ՀՀ կառավարության պարտավորություններն են, 236.8 մլրդ դրամը (497.1 մլն ԱՄՆ դոլարը)` ՀՀ Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները:
Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան