Ի՞նչ և ո՞ւր ենք արտահանում Հայաստանից
АНАЛИТИКАԱրտաքին ապրանքաշրջանառությունը 2016 թվականի առաջին վեց ամիսներին կազմել է 2272.5 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 2.7 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման ծավալների աճ և ներմուծման ծավալների նվազում. արտահանումն աճել է 16.7 %-ով` կազմելով 815 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը կրճատվել է 3.7 -ով` կազմելով 1457.5 մլն ԱՄՆ դոլար:
Մեր երկրի արտահանման կառուցվածքն ունի խիստ կենտրոնացվածություն: Արտահանման կառուցվածքում գերակշռում է 3 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ: Այս երեք ապրանքախմբերին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ծավալի շուրջ 70 %-ը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները կազմել են 969,01 մլն ԱՄՆ դոլար: Ըստ մասնաբաժնի՝ արտահանման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանքն է (26.6 %): Պատրաստի սննդի արտադրանքի մասնաբաժինը արտահանման ծավալներում կազմել է 21.3%, իսկ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը` 21.1 %:
Մյուս երկու ապրանքախմբերը, որոնց արտահանման ծավալները գերազանցել են 50 մլն ԱՄՆ դոլարը, ոչ թանկարժեք մետաղներն ու մանածագործական իրերն են: Արտահանման ընդհանուր կառուցվածքում ոչ թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 12.3 %, իսկ մանածագործական իրերի մասնաբաժինը՝ մոտ 5.6 %: Ընթացիկ տարվա վեց ամիսներին գործընկեր երկրների կազմը գրեթե չի փոփոխվել, մինչդեռ արտաքին առևտրաշրջանառության աշխարհագրական կառուցվածքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:
Ընթացիկ տարվա վեց ամիսներին արտաքին առևտրաշրջանառության 29.9 %-ը բաժին է ընկել ԱՊՀ, 25.3 %-ը` ԵՄ և 44.8%-ը` այլ երկրներին: ԱՊՀ երկրների կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ աճել է 1.5 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորվել է այդ երկրներ (հիմնականում՝ Ռուսաստան) արտահանման ծավալների 68 % աճով, մինչդեռ ներմուծման ծավալները կրճատվել են` հակազդելով այդ երկրների հետ առևտրաշրջանառության աճին:
2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ խոշոր առևտրային գործընկեր երկրների շրջանակում ընդգրկված էին Չինաստանը, Գերմանիան, Իրանը, Բուլղարիան, Վրաստանը, Իտալիան, Իրաքը, Թուրքիան, Կանադան, ԱՄՆ-ն, ինչպես նաև Ռուսաստանը և Ուկրաինան: Վերջիններիս բաժին է ընկել ՀՀ և ԱՊՀ երկրների միջև տարվա առաջին վեց ամիսների ընթացքում կատարված ապրանքաշրջանառության շուրջ 95.7%-ը: Հանրապետության թվով 38 հիմնական գործընկեր երկրները մեծավ մասամբ (մոտ 80%-ը) Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետություններ են:
Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան