Բանկերի տրամադրած վարկերի 65.8%-ը կազմում են արտարժույթով վարկերը
ЭКОНОМИКАՑանկացած տնտեսության առանցքային բաղադրիչներից է ֆինանսական շուկան, որի հիմնական կառույցներից մեկն առևտրային բանկերն են: Այս կառույցները լուրջ գործառնություն են իրականացնում ֆինանսական շուկայում և ավանդների ներգրավման և վարկերի տրամադրման միջոցով կազմակերպում են ֆինանսական միջոցների շարժը տարբեր ոլորտների միջև: Այս ոլորտը մեր երկրում ամենազարգացածներից է, սակայն ասել, որ մենք հասել ենք զարգացվածության բարձր մակարդակի ճիշտ չի լինի: Այդ մակարդակին հասնելու հիմնական խնդիրներից մեկը բարձր տոկոսադրույքներն են:
Այսպիսով, առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները 2016 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել են շուրջ 14.2%-ով: Նույն ժամանակահատվածում դրամային ավանդների (մինչև մեկ տարի ժամկետով ներգրավված) տոկոսադրույքների միջին ամսական մակարդակը կազմել է 12.8%` 2015 թվականի 14.85%-ի համեմատ (2 տոկոսային կետով նվազելով), մինչդեռ արտարժույթով ավանդների տոկոսադրույքը 2016 թվականի հունիսին կազմել է 5.2%` 2015 թվականի 5.88%-ի համեմատ (0.7 տոկոսային կետով նվազելով): Անհրաժեշտ է նշել, որ դրամով ներգրավված ավանդների աճը (27.7%) գերազանցում է արտարժույթով ավանդների աճին (8.3%):
ՀՀ առևտրային բանկերի միջին տոկոսադրույքները 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին
Ամիսներ I II III IV V VI Առևտրային բանկերի վարկեր 16.96 19.18 19.11 17.94 18.14 16.66 Առևտրային բանկերի ավանդներ 13.35 11.44 11.45 10.77 12.20 12.81 Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրված վարկերը 2016 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել են 6%-ով: Նշենք, որ վարկերի գերակշռող մասը` 65.8%-ը, կազմում են արտարժույթով վարկերը: ՀՀ դրամով վարկավորման միջին ամսական տոկոսադրույքը 2016 թվականի հունիսին կազմել է 16.66%` նվազելով 2015 թվականի 17.35%-ի համեմատ (0.7 տոկոսային կետով), իսկ արտարժույթով վարկավորման տոկոսադրույքը նվազել է մինչև 9.14%` 2015 թվականի 10.45%-ից (1.3 տոկոսային կետով): Անհրաժեշտ է նշել, որ 2016 թվականի հունիսին ՀՀ դրամով վարկավորումը, աճելով 6.6%-ով, գերազանցել է արտարժույթով վարկավորման 5.7% աճին:
Այս տարվա առաջին կիսամյակում առևտրային բանկերի՝ մինչև մեկ տարի ժամկետով ՀՀ դրամով ներգրավված ավանդների և վարկերի միջին տոկոսադրույքների տարբերության միջև աճի միտում է նկատվում: Միջին կիսամյակային ցուցանիշը (սպրեդ) նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 2.3 տոկոսային կետով` կազմելով 6 տոկոսային կետ:
Անդրադառնալով ֆինանսական շուկայի մյուս ցուցանիշներին՝ նշենք, որ 2016 թվականի հունիսին ՀՀ պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14.57%` 2015 թվականի նույն ժամանակահատվածի 14.37%-ի համեմատ, իսկ ժամկետայնությունը կազմել է 4840 օր` 2015 թվականի նույն ժամանակահատվածի 2569-ի համեմատ:
Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան