Գեղարքունիքի մարզում ընթանում է աշնանացան ցորենի ցանքը
ЭКОНОМИКАԳեղարքունիքի մարզի տնտեսություններում սեպտեմբերի 10-ից սկսած ընթանում են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունից, աշնանացանը սկսվել եւ ընթանում է մարզի գրեթե բոլոր համայնքներում, իսկ առաջիկայում ցանքերի մակերեսը կտրուկ կավելանա, քանի որ տնտեսություններն այս տարի հացի առատ բերք են հավաքել: Նախնական տվյալներով՝ արդեն կատարվել է մի քանի հարյուր հեկտար ցանք:
Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանի հավաստմամբ՝ նախորդ աշնանն իրենց մոտ կատարված 180 հեկտար աշնանացանի ցուցանիշը կպահպանվի, դեռ մի բան էլ կավելանա:
«Մի քանի օր է, ինչ սկսել ենք աշնանացանը: Աշնանացան ցորենի 180 հեկտար արտերի միջին բերքատվությունը 1 հեկտարից կազմել է մոտ 4 տոննա, իսկ 60 հեկտար գարնանացան ցորենի արտերից՝ մոտ 2,5 տոննա: Սա արդեն համոզում է, որ աշնանացանն ավելի արդյունավետ է, իսկ ծավալները պետք է ավելացվեն»-հավաստեց Վանիկ Հարությունյանը:
Սոթքում եւս արագ թափով են ընթանում աշնանացանի աշխատանքները: Համայնքի ղեկավար Կոլիկ Շահսուվարյանի ներկայացմամբ՝ նախորդ տարի Սոթքում ցանվել է 610 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որի մեկ հեկտարի միջին բերքատվությունն ավել է եղել 3 տոննայից:»Ճիշտ է, նախորդ տարվա համեմատ նվազել էին ցորենի գները, բայց քանակի հաշվին մարդիկ կարողացան եկամուտ ապահովել: Արդեն կատարվել է մոտ 40 հեկտար աշնանացան, որին նպաստել են վերջին օրերին տեղացած անձրեւները: Նախորդ տարվա աշնանացանի ծավալները հաստատապես կպահպանվեն եւ կավելացվեն, քանի որ տնտեսությունները գոհ են բերքատվությունից և ապահովված ցանքի համար անհրաժեշտ բոլոր միջոցներով»,-ներկայացրեց Կոլիկ Շահսուվարյանը: Աշնանացանը Գեղարքունիքում կշարունակվի մինչեւ հոկտեմբերի կեսերը:
Սեպտեմբերի 19-ին կայացած Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում, «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ տնտեսություններին ըստ պահանջարկի տրամադրվելու է պետության կողմից սուբսիդավորված բարձրորակ սերմացու, պարարտանյութեր եւ դիզվառելիք:
Խոսրով Խլղաթյան