Դիլիջանում գարեջրի գործարանի հիմնման նպատակով ներդրվել է 560 մլն դրամ
ЭКОНОМИКАՀայաստանի կառավարությունն օժանդակություն կցուցաբերի Դիլիջանում գարեջրի արտադրության կազմակերպման ներդրումային ծրագրին և այդ նպտակով մինչ 2017 թվականի հունիսի 30-ը կերկարաձգի «Հ և Տ Հակոբյաններ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 22-ի նիստի օրակարգում:
Ներդրումային ծրագրի շրջանակում «Հ և Տ Հակոբյաններ»-ը նախատեսում է Դիլիջանում կազմակերպել գարեջրի արտադրություն, որի համար առկա են անհրաժեշտ շենքեր և շինություններ՝ հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով, որի համար նախատեսվում է կատարել շուրջ 632,4 մլն դրամի ներդրում։
Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 90 հազ. դրամ, 2017թ.- 100 հազ. դրամ: Ներկայում ընկերությունը կատարել է նախատեսված ներդրումների շուրջ 80 տոկոսը՝ 560 մլն ՀՀ դրամի չափով։
Կատարված աշխատանքների շնորհիվ՝ եփման արտադրամասը փորձարկելու համար արտադրվել է գարեջրի փորձնական քանակ։ Սակայն գարեջուրը արտադրելու և գործարանը լիարժեք շահագործելու համար անհրաժեշտ որոշ սարքավորումներ դեռ չեն ներկրվել՝ մատակարարների հետ առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Այժմ վերոնշյալ խնդիրները լուծվել են և որոշ սարքավորումներ գտնվում են ճանապարհին։