«Մի խելագարի պատմություն». ֆիլմ նվիրված Ցեղասպանության 100 ամյակին
ФОТОBlognews.am-ը գրում է.
Շուտով մեծ էկրան կբարձրանա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմը, որը նվիրված է ցեղասպանության 100 ամյակին: Ֆիլմի հիմքում մարսելցի հայ երիտասարդի՝ Արամի արդարության պահանջի և փնտրտուքի երկարամյա պատմությունն է: Արամն իր հայկական ինքնության գիտակցության ու արդարության ձգտման ճանապարհին անցնում է բոլոր հնարավոր փորձությունները: Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի մեքենան, ապա հեռանում երկրից և 80-ականներին անդամագրվում ԱՍԱԼԱ-ին:
««Մի խելագարի պատմություն»-ը գեղարվեստական ֆիլմ է՝ փաստագրական դրվագներով: Ֆիլմում նկարահանվել են ինչպես հայ, այնպես էլ մի շարք ֆիանսիացի դերասաններ՝ Սիմոն Աբգարյանը, Արիան Ասկարիդը, ով Ռոբեր Գետիկյանի կինն է, Գրեգուար Լեպրենս-Ռինգե, Սիրյուս Շահիդի և այլք»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց ֆիլմի գործադիր պրոդյուսեր Թագուհի Կարապետյանը:
«Մի խելագարի պատմություն» ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ ֆիլմը ընդգրկված է «Կինո աշուն» փառատոնում և Հայաստանի բոլոր մարզերում կցուցադրվի անվճար: «Դպրոցականները, ուսանողները, զինվորները հնարավորություն կունենան դիտելու այս ֆիլմը: Այն թարգմանվել է չորս լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և հայերեն»:
Պրն. Գևորգյանը հավելեց, որ Կինոկենտրոնը ֆիլմին օգնել է 25մլն դրամով, որը բավականին չնչին գումար է. «Իրականում կարևոր է, որ ստացել ենք այն, ինչ որ մենք ցանկանում էինք»:
Նշենք, որ Հայաստանում ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 6-ին:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի