Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Լուսին Վարդանյանն այսօր նշում է 30-ամյակը. ծննդյան անակնկալների ու ամենամեծ երազանքի մասին դերասանուհին պատմել է Life.panorama.am-ին:
«Ես այլեւս 20-ների մեջ չեմ, նոր տարիքային շեմ եմ մուտք գործել ու դրանից ելնելով էլ՝ նոր սպասելիքներ ունեմ: Կարծում եմ՝ 30-ը ավելի հետաքրքիր ու հասուն տարիք է՝ այս առումով սպասելիքներս էլ են ավելի հետաքրքիր: Ես այն մարդկանցից չեմ, ով տարիքից, մեծանալուց կարող է դեպրեսիայի մեջ ընկնել, յուրաքանչյուր տարիք ունի իր հետաքրքրությունը, ի վերջո, եթե մեծանում ես, ուրեմն ապրում ես, իսկ դա հրաշալի է»,- տարիքային առանձնմահատկությունից խոսելիս՝ նշեց դերասանուհին:
Մեզ հետ զրույցում ժպտադեմ Լուսինն ասաց, որ այսօր ամենաշատը հուզվել ու շոյվել է դստեր անակնկալից.
«Աղջիկս երեկ խոստացել էր, որ մայրիկի ծննդյան առթիվ առանց լաց լինելու կգնա մանկապարտեզ եւ այդպես էլ արեց: Առավոտյան ճիշտ է արցունքների միջից տարեդարձի երգը երգեց, բայց անմիջապես սկսեց ժպտալ եւ ուրախ գնաց մանկապարտեզ՝ ասելով, որ մայրիկի նման իր խոստման տերն է»,- պատմեց օրվա հերոսուհին:
Դե իսկ ամուսնու՝ դերասան Վահագն Խաչատրյանի, անակնկալի մասին խոսելիս՝ Լուսինը նշեց.
«Ես ու ամուսինս այսօր խիստ զբաղված ենք ու հազիվ թե կարողանանք խնջույք կազմակերպել, սակայն առաջիկա օրերին անպայման հետաքրքիր օր կունենանք եւ այդպիսով կնշենք ծննդյանս օրը: Ինչ վերաբերվում է նրա նվերին, ապա ես դեռ սպասում եմ, գիտեմ՝ հաստատ նա մի հետաքրքիր բան մտածած կլինի»:
Լուսին Վարդանյանը երազանքների մասին խոսելիս նկատեց, որ իրեն միայն մի նպատակի համար ապրող մարդ չի համարում.
<<Իհարկե, երազանքների մասին չեմ բարձրաձայնի: Իսկ ընդհանուր առմամբ՝ ուզում եմ, որ ինձ համար թանկ ու կարեւոր մարդիկ առողջ ու անհոգ լինեն. Իմ լավ կյանքը պայմանավորված է ամեն ինչով, ես միայն մի բանի, մի մի նպատակի համար ապրող մարդ չեմ»,- հավելեց նա ու ընդգծեց.
«Ուզում եմ երեխայիս ու ընտանիքիս համար այնպիսի կյանք ապահովել, որ ոչնչի «քաղց>> չլինի, եւ սա վերաբերվում է ամեն ինչին: Ուզում եմ ինձ տրված կյանքն այնպես ապրել, որ ինքս ինձ ասեմ՝ «Կեցցես Լուսին, դու ուժեղ ու մեծահոգի մարդ ես, ով հաղթահարում է ամեն ինչ. ես քեզնից գոհ եմ»»:
Իսկ վերջում 30-ամյա դերասանուհին իրեն բաժին հասած կյանքի համար շնորհակալություն հայտնեց.
«Շնորհակալ եմ ծնողներիս, որովհետեւ շատ մարդիկ ծնվում են, բայց չեն ունենում այն ամենն, ինչ ես եմ ունեցել ու ունեմ»: