Life.panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 4-ը աշխարհը նշում է որպես «Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր»: Այս օրը ստեղծված է Երկիր մոլորակի մնացած «բնակիչների» խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով:
Life.panorama.am-ը օրվա թեմայի շրջանակում զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, ով հայտնի է որպես անտուն շների ու կատուների մեծ պաշտպան, նա դեռ մանկուց խնամում է իր բակի բոլոր անտուն կենդանիներին, ավելին՝ իր խոսքով շատերի համար անգամ «ընտանիք» է գտել.
«Ես դեռ մանկուց աննկարագրելի շատ եմ սիրում կենդանիների, նրանք ինձ համար բարի, անօգնական ու շատ հավատարիմ էակներ են, որոնք երբեմն շատ ավելի նվիրված են լինում մարդուն, քան հենց մարդը: Մեծ ցավ եմ ապրում, երբ մարդիկ կարող են անտարբեր լինել անտուն կենդանիների նկատմամբ, էլ չասեմ հարվածել նրանց կամ վատ վերաբերվել: Ինքս դեռ մանկուց մեծ հոգատարությամբ խնամում եմ մեր բակի բոլոր անտուն փիսիկներին ու շներին ու ոչ միայն մեր բակի, կարող եմ անցնել անծանոթ փողոցով, տեսնել մի կատվի կամ շան, ու անմիջապես մոտակա խանութից երշիկ կամ միս գնալ եւ կերակրել նրանց: Միայն մտածելը, որ նրանք օրերով սոված են լինում, արդեն սարսափելի է, չէ որ նրանք էլ Աստծո ստեղծածներն են ու իրավունք ունեն ապրելու: Ի դեպ՝ անտուն շներից մի քանիսի համար անգամ ընտանիք եմ գտել, բացի այս փորձում եմ անտուն կենդանիներին սատարող կազմակերպություններին ու անհատներին եւս իմ օգնությունը առաջարկել թե դրամական, թե սնունդի տեսքով»,- նշեց Սոնան եւ հորդորեց, որ մարդիկ անտարբեր չլինեն ու փորձեն թեկուզ մի փոքր օգնություն ցուցաբերեն անտուն կենդանիներին.
«Ցավոք, բայց մեր երկրում համեմատաբար ավելի քիչ են մարդիկ ուշադրություն դարձնում կենդանիներին, կցանկանամ, որ այս կարեւոր խնդիրը շատերի ուշադրությունը շեղի: Մարդիկ կարող են չսիրել, երբ տանը կենդանի կա, բայց անտարբեր լինելը շատ վատ է, կարելի է թեկուզ կերակրել փողողցներում ապրող սոված կենդանիներին»,- ընդգծեց նա:
Ի դեպ՝ Սոնա Շահգելդյանի տանը շուն ու թութակ է բնակվում.
«Արդեն 9 տարի է, ինչ շունիկս մեզ հետ է ապրում: Յուրահատուկ կենդանի է,՝շներին հատուկ նվիրվածությամբ, պաշտպանելու պատրաստակամությամբ ու միշտ խելացի հայացքով: Աշխատանքիս բնույթից ելնելով՝ ավելի շատ մայրս է զբաղվում նրա խնամքով, բայց ես հետեւում եմ, որպեսզի ճիշտ ժամանակին նա ստանա բոլոր ներարկումները, կտրվի մազերը, լողանա ու առողջ սնվի»,- նկատեց նա ու շարունակեց.
«Իմ շունիկը՝ Հիլդուկն, իր գալուստով մեր տանը հաջողություն է բերել. Հիշում եմ, երբ նա առաջին անգամ եկավ մեր տուն, ես հաղթեցի «Նոր ալիք» մրցույթը, եւ առհասարակ՝ նրա գալուստից հետո մեզ հետ շատ հաջողություններ են եղել: Տղաս եւս շատ է սիրում մեր շունիկին, նրանք միասին խաղում են, ուրախանում, շունիկս պաշտպանում է Արթուրիկին ու օտար մարդկանց տղայիս մոտ չի թողնում: Ուրախ եմ, որ տղաս մանկուց կհասկանա տնային կենդանիների կարեւորությունը, դա ինձ համար ճիշտ դաստիարակություն է»: