Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է ռեփեր Նարեկ Պետրոսյանի, նույն ինքը՝ Մեծ Հայքի Նարեկի հետ, ով վերջին ամիսներին սկսել է ակտիվորեն աշխատել ու մեկը մյուսի հետեւից տեսահոլովակներ ներկայացնել իր երկրպագուների դատին:
«Կար ժամանակ, երբ դադարն ինձ էր պետք գործերս կարգավորելու, «PlayBack» ստուդիաս տեղափոխելու համար, սակայն վերջին ամիսներին սկսեցի ոչ թե ակտիվ աշխատել, այլ վերադառնալ իմ բնականոն աշխատելաոճին»,- նշեց Նարեկն ու շարունակեց.
«Ապրիլյան դեպքերից հետո թողարկեցի «Բռունցքով» երգը, ապա նկարահանեցինք «Քեֆ արա» տեսահոլովակը, որից հետ էլ եղան Գեւորգ Մարտիրոսյանի ու Աստղիկ Սաֆարյանի հետ համագործակցությունները: Առջեւում էլ նախատեսվում են մի շարք համագործակցություններ, ի դեպ՝ աշխատանքային ձեւաչափս որոշ իմաստով ընդլայնել եմ եւ բացի որպես ռեփեր ներկայանալուց, աշխատում են նաեւ որպես պրոդյուսեր: Այս իմաստով ունեմ մի քանի երաժշտական նախագծեր, որոնք միայն ռեփ ժանրում չեն, ավելին՝ օրինակ «Գողթ» հայկական էթնո ֆոլկ ժանրի խմբի հետ աշխատում ենք ռեփից բավականին հեռու միջավայրում»:
Նարեկը ակտիվորեն աշխատում է նաեւ «PlayBack progect» խմբի հետ, որի շրջանակում հայկական ժողովրդական գործիքների, դասական գործիքների համադրությունն են ներկայացնում ժամանակակից երաժշտության հետ.
««PlayBack progect»-ի հետ հայկական ժողովրդական գործիքները բերում ենք ակումբային երաժշտություն. շատ հետաքրքիր համաձուլվածք ենք ստանում ժամանակակից երաժշտության հետ: Իսկ նման արդյունք ստանում ենք երաժիշտներ Հայկ Կարապետյանի, Զարեհ Գալստյանի, Արման Պեշտմալջյանի, Նարեկ Գասպարյանի շնորհիվ: Կարծում եմ՝ հետաքրքիր նախագիծ է, այստեղ որպես պրոդյուսեր եմ ներկայանում, ի դեպ՝ շուտով կլինի նաեւ մեր ձայնասկավառակը, որի միջոցով շատերը կտեղեկանան այս նախագծի մասին»,- պատմեց Նարեկ Պետրոսյանը:
Անդրադառնալով օրերս լույս տեսած «18+ դե տժժա» տեսահոլովակին, որը «18+» կատակերգական ֆիլմի սաունթրեքն է, ռեփերը նշեց.
«Առաջարկը ստացա ֆիլմի կազմակերպիչներից, ծանոթանալով սցենարին ու տարվող աշխատանքներին, համաձայնեցի ու պետք է ասեմ, որ այն բավականին հետաքրքիր ու ծիծաղաշարժ ֆիլմ է: Ֆիլմում մի փոքր հատվածում ես էլ եմ նկարահանվել, բայց ոչ թե որպես դերասան, այլ որպես Նարեկ»:
Ի դեպ՝ Նարեկ Պետրոսյանի խոսքով՝ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ այս պահին էլ ունի, սակայն հրաժարվել է դրանցից, քանի որ փորձում է ողջ ուժերը կենտրոնացնել նոր երգերի ու տեսահոլովակների վրա: Միաժամանակ՝ իր խոսքով լավ առաջարկենրից եւս չի հրաժարվի:
Մեզ հետ զրույցում Նարեկը հայտնեց նաեւ, որ օրեր հետո կթողարկի իր հերթական տեսահոլովակը: