Հովհաննես Ազոյանը, Արմեն Մարգարյանը, Մարիամ Մելիքյանը, Լիլիթ Հարոյանը՝ նոր սիթքոմում
ФОТОBlognews.am-ը գրում է.
Դերասան Հովհաննես Ազոյանը տևական դադարից հետո կրկին վերադառնում է եթեր՝ միանգամից 2 կերպարով։ «Ucom»-ի ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հոկտեմբերի 31-ից կմեկնարկի «Change» սիթքոմը։ Հումորային նախագծում նկարահանվել են Արմեն Մարգարյանը, Արթուր Նալբանդյանը, Մարիամ Մելիքյանը, Լիլիթ Հարոյանը, Անի Քոչարյանը, Անի Պետրոսյանը: Սիթքոմի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է:
24 մասից բաղկացած սիթքոմի գլխավոր դերակատար Հովհաննես Ազոյանը ներկայանում է երկու կերպարով: Մեկ դերում նա քրեական հեղինակություն է, մյուսում՝ անհաջողակ, բայց ազնիվ դերասան: Սիթքոմի առանցքում գլխավոր գործարքն է՝ «change» լինել: Ազնիվ դերասանը ստանձնում է իր կյանքի ամենակարևոր և ամենաբարդ դերը:
«Ես ավելի քան մեկուկես տարի ոչինչ չեմ արել հեռուստատեսությունում։ Ուզում եմ այս սիթքոմը մի քիչ տարբերվի մյուսներից։ Խաղում եմ 2 կերպար։ Ինձ համար սա էքսպերիմենտալ դեր է, բավականին բարդ է միաժամանակ 2 կերպար խաղալը։ Կփորձեմ լուծել այն խնդիրը, որ դրված է իմ առջև»,- BlogNews-ին ասաց դերասանն ու հավելեց, որ հեռուստադիտողները սուր զգացողություններ կունենան։ «Հիմա միայն մտածում եմ կերպարս լավ խաղալու մասին։ Նկարանումները կսկենք վաղվանից»,- հավելեց դերասանը։
Մինչ այս հումորային նախագծերում Հովհաննեսի խաղընկերները եղել են սիրված հումորիստներ։ Նա նշեց, որ այս անգամ իր հետ խաղում են պրոֆեսիոնալ դերասաններ, որոնց հետ ևս հետաքրքիր է ներկայանալ։ Նրա գլխավոր խաղընկերը՝ Արմեն Մարգարյանն առաջին անգամ է ներկայանալու սիթքոմում։
BlogNews-ի հետ զրույցում նա նշեց, որ մարմնավորում է Վահրամին, ով ամեն ինչ անում է, որպեսզի Հովհաննեսը դերասանից հաջողությամբ կերպարանափոխվի հանցագործի։ «Որպես հանցագործների ներկայացուցիչ՝ հետևում եմ, որ դերասանը կարողանա ստանձնել դերը։ Նկարահանումները սկսելու են վաղը։ Կարծում եմ՝ Հովհաննեսի հետ աշխատանքը հեշտ կլինի, որովհետև նա այս ժանրում վարպետ է։ Մի քիչ մտավախություն ունեմ կապված ինձ հետ, քանի որ առաջին անգամ եմ այս ժանրում, սակայն կարծում եմ՝ դերասանական առումով Հովոյի հետ փոխադարձ կոնտակտ կգտնենք»,- եզրափակեց դերասանը։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի