Հնաոճ ավտոմեքենաներ՝ Երեւանում (ֆոտո)
ФОТОԿարմիր եւ ծիրանագույն երանգներով զարդարված «Երեւան՝ արեւի քաղաք»-ի Շահումյան հրապարակում «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում կայացավ հնաոճ մեքենաների՝ արդեն ավանդական դարձած ցուցադրությունը։ Երեւանցիների եւ քաղաքի հյուրերին «զարմացնելու էին եկել» ավելի քան 30 ավտոմեքենա՝ թե խորհրդային, թե արտասահմանյան արտադրության։ Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է տարբերվում 2016-ի ցուցադրությունը անցյալ տարիներին կազմակերպվածներից.
«Այս տարի առաջին անգամ ցուցադրվում են 5 նոր արտասահմանյան մեքենա՝ 1941-ի արտադրության Packard, Ford Galaxy, BMW, որոնք ռետրո մեքենաների սիրահարները ներկրել են Հայաստան»,- ասաց Աղաջանյանը։
Զրուցեցինք նաեւ մեքենաների վարորդներից մի քանիսի հետ։ Տեղեկացանք, որ ցուցադրություններից բացի վարորդները հնաոճ մեքենաներով մասնակցում են նաեւ երթերի, հարսանեկան կամ այլ միջոցառումների։ Իսկ կարմիր «Զապարոժեց Zaz 965»-ը արդեն նկարահանվել է երկու հայկական ֆիլմում։ Հենց այս մեքենան էր վարում «Սիրո գործակից» ֆիլմի գլխավոր հերոս Արամի կերպարը մարմնավորող Հայկ Մարությանը։