«Հին արքաներ» հեռուստատեսային մեգանախագիծ. Առաջին պատմական բազմասերիանոց հեռուստանովելը «Արմենիա» պրեմիումի եթերում կլինի նոյեմբերի 5-ից
ФОТОBlognews.am-ը գրում է.
Ժան Նշանյանին, Մուրադ Ջանիբեկյանին, Ռուբեն Մուրադյանին, Շողեր Թովմասյանին, Արման Նշանյանին, Շաքե Թուխմանյանին, Լիկա Սալմանյանը, Աննա Գրիգորյանին և այլ դերասանների նոյեմբերի 5-ից Ucom-ի բաժանորդները կտեսնեն Արմենիա Պրեմիումի եթերում: «Հին արքաները» առաջին պատմական բազմասերիանոց հեռուստանովելում դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը: BlogNews.am-ը ներկա էր նկարահանումներին և զրուցել է դերասանների հետ:
«Արմենիա» հեռուստաընկերությունը վաղուց է ունեցել գաղափար՝ նկարահանելու պատմական հեռուստանովել: Այս նախագիծն իրագործվեց Ucom ընկերության շնորհիվ: Նախապատրաստական աշխատանքները մոտ հինգ ամիս են տևել․ անցկացվել է դերասանական քասթինգ, մանրակրկիտ ընտրվել են հագուստները, դետալները, պահպանվել են ժամանակաշրջանի առանձնահատկությունները: Նախագծի համար ունեցել ենք պատմաբան խորհրդատու՝ Արտակ Մովսիսյանը, ով ճշգրիտ ներկայացրել է այդ ժամանակաշրջանի պատմությունը»,- նշում է նախագծի գործադիր պրոդյուսեր Արա Բաղդասարյանը:
Հեռուստանովելում նկարահանվել են 25-30 դերասաններ, իսկ մասսայական տեսարաններին մասնակցել են չորս հարյուրից ավելի մարդ: Ֆիլմի մեծ մասը նկարահանվում է Գյումրիում, մնացած մասը՝ Երևանում:
«Հին արքաներ» հեռուստատեսային մեգանախագծի ռեժիսորը Հարութ Շատյանն է, գլխավոր պրոդյուսերները՝ Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Մխիթարյանը: Սցենարի հեղինակները Հարութ Կբեյանն ու Լևոն Գալստյանն են:
«Հեռուստաշուկայում նման նախագիծ չկար: Առաջին անգամ Արմենիա Պրեմիումի եթերում հեռուստադիտողը կտեսնի պատմական նովել՝ բարձրակարգ և դիտարժան, ինչը պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է»,-ավելացրեց Արան:
Դերասանական կազմում է նաև Արման Նշանյանը, ով սպարապետի ավագ որդին է: Գունեղ և վառ կերպար է՝ բացասական շեղումներով: «Ես շատ ուրախ եմ, որ հեռուստանովելը նկարահանվում է գեղարվեստական հեռուստասերիալի հիմքի վրա: Ռեժիսորը մանրակրկիտ աշխատանք է տանում, էլ չեմ ասում նկարիչների մասին, առանց որոնց այս ֆիլմը չէր կարող լիարժեք լինել: Վերջապես մի սերիալ է լինելու, որտեղ գրագետ երկխոսություն կա»,- նշում է Արման Նշանյանը:
Արմանը ֆիլմում նկարահանվում է ծնողների հետ, ինչը դերասանի համար պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ՝ հաճելի: Խոսելով բարդությունների մասին՝ դերասանը նշեց. «Բարդ է ամեն օր այս հագուստները հագնել և մտնել այս աշխարհ: Մեծ պատասխանատվություն կա՝ ինչպես պետք է քայլել, խոսել, պետք է գտնես նաև այդ ժամանակի ձևը: Ամեն ինչ պրոֆեսիոնալ է արված»:
«Այս նախագիծը կարծես երազանք էր թվում: Մի քանի տարի առաջ, երբ զրուցում էինք Դավիթ Բաբախանյանի հետ, չէի սպասում, որ այն իրականություն կդառնա: Ֆիլմի սցենարը, բոլոր երկխոսությունները մաքուր հայերենով են: Դժվարանում ենք իհարկե որոշ հարցերում, բայց դժվարությունների արդյունքում էլ գալիս է սպասված հաջողությունը»,- նշում է Ժան Նշանյանն, ով մարմնավորում է Զարեհ սպարապետին:
Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանին բաժին է հասել բացասական կերպար. նա Նռանեն է՝ հազարապետի դուստրը: «Կերպարս շատ սիրեցի, քանի որ երբեք չեմ խաղացել բացասական դերում: Կուզեմ այնպես կերտեմ, որ մարդիկ հավատան և ասեն՝ ինչ վատն էր: Նման մեծ նախագծում նկարահանվելն ինձ համար առաջին փորձերից էր, պատասխանատվության զգացողությունը շատ մեծ էր»:
Նախագիծը մեկնարկում է նոյեմբերի 5-ից Արմենիա Պրեմիումի եթերում: «Հին արքաներ»-ը նոր էջ կբացի հայկական հեռուստաարտադրության ոլորտում:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի