Օլլ ռայթ
ԲԼՈԳ«Տրտու» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Թեմիկ Խալափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախյան հետպատերազմի ամառվա մի թեժ օր էր։ Երկնքից այդ օրը կարծես կրակ էր թափվում։ Կեսօրն անց էր, Մաշտոցի պողոտայով դեպի վեր էի բարձրանում, հասա Ամիրյան փողոցի հատման խաչմերուկի վրա գտնվող ցայտաղբյուրին։ Ձեռքերս թրջեցի ու էն է ուզում էի երեսս էլ ցայել սառը ջրով, նկատեցի, որ շատ տարիքով մի ծերունի, մեջքից քիչ կռացած, իր ձեռնափայտն ու ցիլինդրը մեջքին դարսած, աչքը ցայտաղբյուրի ջրին՝ մոտենում է։ Ես կարող էի և երեսս էլ թռչել ու ջուրս էլ խմել ու հեռանալ, մինչ նա կհասներ ցայտաղբյուրին մոտենալ, բայց ոտքս կախ գցեցի՝ մինչև ծերունին մոտենա, որպես հարգանքի մի տուրք իր տարիքին, որ առաջինը ինքը իր ծարավը հագեցնի։ Նկատել էի, թե ինչպես է նա ջրին մոտենալիս արագացնում իր քայլերը։ Մոտեցավ, մի պահ կանգ առավ, երևի սպասեց, որ ես խմեի ու նոր ինքը մոտենար։ Բացի ինձնից՝ ուրիշ մեկը չկար այդ պահին։
- Ջուրը՝ փոքրին, խոսքը՝ մեծին, - ասացի, - խնդրեմ։ Քիչ հետ քաշվեցի, որ մարդը
ջուր խմի։
- Էդ ես եմ փոքրը՞։ Ի՞նձ ասացիր, - շուրջը նայելով, վիրավորված մարդու
հայացքով ինձ նայեց։
- Ջուրը փոքրինն է, խմե՛ք, խմե՜ք, - ժպիտը աչքերիս մեջ նորից առաջարկեցի ՝
առաջինը ինքը խմի։
- Մալակասո՛ս, - ասաց ծերունին, - ես, որ Իսահակյանի, Դեմիրճյանի ու մեր մյուս
մեծերի հետ վեր ու վար էի անում էս փողոցով, հերդ ու մերդ դեռ մի մատ երեխաներ էին։ Էդ ո՞ւմ ես փոքրի տեղ դնում, հը՞, կաթնակե՛ր։
- Բան ասացիր։ Իմ տարիքն այնքան է, որ ես Մաշտոցի հետ եմ վեր ու վար արել։
- Դեռ մորդ հագցրած առաջին շապիկդ էլ չես հասցրել մաշել, ինձնից մեծ ե՞ս, հա՛։
Մաշտոցով վեր ու վար անող, - ցուցամատը վեր տնկելով ասաց նա։
- Դե, եթե ձեզանից մեծ չլինեի, ձեզնից առաջ կխմեի։ Մտքովդ թող չանցնի, թե
հերթս ձեզ կզիջեի, - ասացի, ծերունու ուսերը գրկելով ու մոտ բերելով ցայտաղբյուրին։ Մարդը խմեց, առանց իմ կողմը շրջվելու, ձեռքը հրաժեշտի պես վեր բարձրացրեց ու գնաց։ Քիչ այն կողմ, հետ շրջվեց. – Լավ տղա ես, Մեսրոպին ասա, իր լեզվին տեր կանգնի, որ օլլ ռայթով չխոսեն մարդիկ։ Ասաց ու գնաց։ Այն ժամանակներն էին, որ համատարած՝ թե՛ հեռուստաեթերներից և թե՛ առօրյայում անգլերեն լեզվի առոգանությամբ էին սկսել խոսել։