Իրանում առայժմ թափուր է երկու նախարարի աթոռ
ԲԼՈԳԱյս օրերին, հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում թեժ է: Նախագահական ընտրություններից հետո նշանակվում է կառավարության կաբինետի կազմը, որը կարծես թե այդքան էլ հարթ չի ընթանում: Այդ մասին իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուք սոցիալական ցանցի միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Իրանի նոր կառավարության նախարարական կազմը հետաքրքիր է, եթե այն դիտարկենք նաև էթնիկ-լեզվական և տեղային պատկանելության առումով:
Ըստ այդմ՝ Իրանի պետական լեզու գրական նոր պարսկերենի հայրենիք Խորասանը ներկայացված է ի դեմս առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Ղազիզադե Հաշեմիի, մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Աբբաս Սալեհիի, ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի: Իրանալեզվության և իրանական մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը համարվող Սպահանի նահանգը նոր կառավարությունում իր տեղն է ապահովել տնտեսական գործերի և ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիանի և գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի միջոցով:
Պարսկալեզվության, «պարսկական» տիպի բարբառների և իրանական պետականության բնօրրան համարվող Ֆարս և Խուզաստան նահանգները ներկայացնում են կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին, անվտանգության նախարար Մոհամմադ Ալավին և արդարադատության նախարար Ալի Ռեզա Ավային: Իրանի թյուրքախոս Զանջան և քրդալեզու (նաև ոչ քրդական իրանական բարբառներով խոսող) Քերմանշահան նահանգներն ունեն մեկական նախարար՝ համապատսախանաբար պաշտպանության և զինված ուժերի օժանդակության նախարար Ամիր Հաթամին և նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Երկրի մայրաքաղաք Թեհրանը ներկայացնում են սպորտի և երիտասարդության նախարար Մասուդ Սոլթանիֆառը, արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին, կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ալի Ռաբիին, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, կրթության և դաստիարակության նախարար Մոհամմադ Բաթհային:
Առայժմ թափուր են մնում գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների, ինչպես նաև էներգետիկայի նախարարների պաշտոնները»: