Հանդիպում գինեսի ռեկորդակիր Մանվել Մամոյանի հետ
ԲԼՈԳՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.
Ս/թ սեպտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին էին հյուրընկալվել գինեսի ռեկորդակիր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Մանվել Մամոյանը, նրա մարզիչ Արման Մովսեսյանը: Հանդիպման նպատակը մեկն էր՝ շնորհավորել ազգակից մարզիկին՝ յուրահատուկ, ծանր և բարդ վարժություններ կատարելու շնորհիվ գինեսի ռեկորդակիրների գրքում իր պատվավոր տեղը գտնելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում պատգամավորը վստահեցրեց, որ պատրաստակամ է մշտապես սատարելու և կանգնելու այն երիտասարդների կողքին, ովքեր ինչպես բնատուր կարողությունների, այնպես էլ մեծ աշխատասիրության շնորհիվ հասնում են մեծ հաջողությունների: Ռ. Մախմուդյանը հպարտ է, որ Մանվել Մամոյանը կարողացել է ամրապնդել իր արիական ոգին՝ միաժամանակ գինեսի ռեկորդների գրքում անմահացնելով Հայաստանի Հանրապետություն անունը:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հենց Մանվել Մամոյանի նախաձեռնությամբ համախմբել համայնքի բոլոր երիտասարդներին և փորձել ներկայացնել հետաքրքիր գաղափարներ և ծրագրեր: Պատգամավոր Ռ. Մախմուդյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ թե՛ սպորտի, թե՛ կրթության և թե՛ մշակույթի և այլ բնագավառներում, կլինի իր օժանդակությունն ու աջակցությունը, քանի որ երիտասարդները ոչ միայն մեր ապագան են, այլ նաև համայնքի իրական դեմքը:
Մանվել Մամոյանն ու իր մարզիչն էլ իրենց հերթին խորին երախտագիտություն հայտնեցին իրենց համայնքը ներկայացնող պատգամավորին, չկարողանալով թաքցնել իրենց թե՛ ուրախությունը և թե՛ ոգևորությունը, միաժամանակ վստահեցնելով, որ հետայսու անելու են առավելագույնն՝ էլ ավելի նոր ռեկորդներ սահմանելու ուղղությամբ:
Ավարտին՝ բացի շնորհակալական խոսքի, ի նշան բարեկամության, Ռուստամ Մախմուդյանը Մանվել Մամոյանին արժանացրեց փոքրիկ հուշանվերի:
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ