Արտաքին քաղաքական կյանքում, ավելի շատ ՝ աշխարհում և տարածաշրջանում, կատարվում են մի շարք իրադարձությունները և Հայաստանի ներքաղաքական կյանքն արձագանքում է դրան: Փաստացի երկրում ներքաղաքական պայքար չկա: Այսինքն չկա ներքին ուժային կենտրոններ, որոնք կպայքարեն միմյանց դեմ իշխանության համար: Նույնիսկ Սարգսյան-Կարապետյան անվանումը կրող հակադրությունն ընդամենը դրսևորում է շատ ավելի մեծ հակադրության, որն էլ իր հերթին մեկ այլ գործընթացի բաղկացուցիչ մաս է:
Տեղի է ունենում աշխարհի վերադասավորում, տերությունները ճշտում են ուժերի բալանսը: ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը, Եվրոպայում մուլտիկուլտուրալիզմի կրախն ու աջական, պոպուլիստական ուժերի բենեֆիսը, վերջին տարիների ռուսական կայսերապաշտական նկրտումները ամբողջովին փոխել են խաղի կանոնները: Նախկինում եղած ազատ դաշտը, որտեղ հստակ դիրքորոշումներ չէին պահանջվում, Հայաստանի պես փոքր սուբյեկտներին մանևրի մեծ դաշտ էր տալիս:
Ինչպես տեսնում ենք, բոլորն ավելացնում են խաղադրույքներն ու արդեն հստակ սահմաններ գծում, ոչ միայն քաղաքական, այլև մշակութային և արժեհամակարգային: Մեր դեպքում մենք գործ ունենք տարածաշրջանի փոփոխությունների հետ առավել ևս: Խոսքը թե Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին է, թե ընդհանրապես հարևան երկրներում ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերի:
Ներքաղաքական կյանքն ընդամենն արձագանքում է այս ամենին ՝ հակառուսականությամբ ու ռուսամետությամբ, վարչապետ-նախագահ հակամարտությամբ և մնացած բոլոր կողմերով, որոնք դուք թվեցիք ձեր հարցում:
Արտակ Ասլանյան