Նախագա՞հ, թե՞ թամադա. Սերժ Սարգսյանի հարսենական ակտիվությունը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՀրապարակ թերթը գրել էր, որ հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել հերթական «էլիտար» հարսանիքը․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ: Սերժ Սարգսյանը ներկա է եղել այդ հարսանիքին: Մի քանի օրից մեկ այլ «էլիտար» հարսանիք է սպասվում՝ ամուսնանում է ՍԱՍ-ի Արտակի դուստրը, եւ Սարգսյանն անպայման ներկա կլինի: Lragir.am-ն էլ հաշվել է, որ այս տարի Սարգսյանն արդեն ներկա է եղել արդեն 7 հարսանիքի: Բնականաբար սրանք միայն հասարակությանը հայտնի դարձած մասնակցություններ են: Չի բացառվում, որ Սարգսյանի մասնակցած հարսանիքների թիվն ավելի շատ է:
Սարգսյանի ՝ հարսանիքների հանդեպ սերն, իհարկե, դրական կողմ ունի: Մարդկային ուրախությունների հանդեպ Սարգսյանն անտարբեր չէ, սոցիոպատ չէ, սիրում է ուրախանալ և իր ներկայությամբ ուրախություն պարգևել: Իրավիճակն իդեալական կլիներ, եթե Սարգսյանը չզբաղեցներ երկրի նախագահի աթոռը:
Նախագահ լինելու հանգամանքը շատ բան է փոխում: Նախ ստացվում է, որ Սարգսյանը բավականին շատ ժամանակ և տրամադրություն ունի ոչ քաղաքական գործերով զբաղվելու: Ըստ էության որևէ մեկին նա չի մերժում և ներկայանում է հարսանիքներին: Մյուս կողմից՝ հայաստանյան քաղաքականությունը հենց այս հարսանիքներն են: Ամուսնացողները պատահական մարդկանց երեխաներ չեն ՝ նախարարներ, բիզնեսմեններ, ուժային կառույցի ներկայացուցիչներ, նախկին ու ներկա պատգամավորներ: Հարսանիքներին հավաքվում է հայաստանյան ողջ քաղաքական վերնախավը, և Սարգսյանը չի ցանկանում հեռու լինել այդ վերնախավից: Բացի այդ, հայաստանյան քաղաքական խճանկարը գծվում է հենց այդպիսի միջոցառումների ժամանակ ՝ քավոր, սանիկ, խնամի: Այս կապերն ավելի ամուր ու արդյունավետ են քաղաքականապես, քան օրինակ արդյուավետ տնտեսական համակարգի կառուցումն ու հանրության աջակցությունը:
Մնում է հասկանալ, թե որ մոտիվացիան է գերիշխող Սարգսյանի մոտ ՝ ուրախանալու ցանկությունը, թե պարզապես ձեռքը վերնախավի զարկերակին պահելու ձգտումը:
Արտակ Ասլանյան