Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԵՏՄ–ի շնորհիվ Հայաստանում այս տարի զբոսաշրջության ոլորտում 37 տոկոս աճ է գրանցվել. տվյալները Հայ–ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն է վկայակոչել:
Այս տարի բոլոր տուրիստական ընկերությունները լարված են աշխատել, հետևաբար, զբոսաշրջիկների թվի ավելացում կա՝ իր հերթին Past.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը:
Նրա հավաստմամբ՝ ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո այդ երկրից զգալի ավելացել են զբոսաշրջիկների թիվը:
«Ռուսաստանից այս տարի համեմատաբար մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել»,– նկատեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրենը:
Զբոսաշրջության կոմիտեն ոլորտը զարգացնելու համար մի շարք քայլեր է ձեռնարկել, ինչը ևս նպաստել է զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու հետ կապված ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվել:
«Ընկերություն կա, որ ասում է՝ ինձ մոտ այս տարի 40% աճ է եղել, մյուսի մոտ՝ 30: Միջին հաշվով՝ զբոսաշրջության ոլորտում 30% աճ է գրանցվել»,– փոխանցեց նա:
Նախորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աճ չի եղել: Դա էլ, ըստ ոլորտի ներկայացուցչի, իր հիմնավորումն ունի: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո մեր երկիր այցելողների թիվը կտրուկ նվազեց:
«Շատ կարևոր է նաև տարածաշրջանի խաղաղությունը, այս տարի խաղաղ էր»,– շեշտեց նա:
Դավոյանը տեղեկացրեց, որ աճել է նաև Լիբանանից եկող տուրիստների թիվը:
«Այդ և այլ երկրներից չվերթներ կային, որոնք ևս ազդել են զբոսաշրջության աճին»,– եզրափակեց նա:
2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է՝ կազմելով 622381, ինչը 24,2%–ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Մանյա Պողոսյան