Մխիթարյանի խոստովանությունը` Հայաստանի իշխանությունների անզորության ֆոնին
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԼեհաստանի հավաքականից կրած ծանր պարտությունից հետո, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ասել էր, որ պարտության պատասխանատվությունն իր վրա է վերցնում և ինքն ամենամեծ մեղավորն է: Դժվար է ասել, թե որքան էր Մխիթարյանի մեղքը խաղային առումով: Ի վերջո նա հավաքականի ամենաբարձրորակ ֆուտբոլիստն է: Խնդիրն այլ է:
Մխիթարյանը փաստացի չի խուսափում պատասխանատվությունից ` որպես թիմի ավագ և թիմի առաջատար: Այս հայտարարության ունիկալությունն այն է, որ նմանատիպ դեպքեր համարյա չեն գրանցվում Հայաստանում: Չի եղել մի դեպք, երբ իշխանությունը` իր բարձր կամ ցածր օղակների մակարդակով որևէ առիթով ասի ` պատասխանատվությունը վերցնում ենք ձախողման և ամենամեծ մեղավորը մենք ենք: Դժվար թե մեկն ասի, թե չեն եղել նման խոստովանության առիթներ:
Նույնը վերաբերում է նաև ընդդիմությանը: Որևէ ձախողման ժամանակ չենք լսել խոստովանություն: Մեղավոր են եղել բոլորը, բացի իրենցից: Եվ Մխիթարյանի այս հայտարարությունն այս իմաստով եթե ոչ հեղափոխական, առնվազն խիստ տարբեր է ու օտար Հայաստանի համար: Այդ հայտարարությունը ցույց է տալիս հայաստանյան իշխանությունների, քաղաքական և հասարակական վերնախավի անզորությունը ` ընդունել սեփական սխալները, ընդունել հրապարակավ, ոչ թե օրինակ չորս տարի շարունակ խոսել այն մասին, որ ԵԱՏՄ մտնելու գիշերային որոշումը մեր ազգի դարավոր երազանքն էր:
Սարգիս Մեսրոպյան