Բրիտանական ֆուտբոլն ու հայկական արդարադատության համակարգը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆախկինում Մանչեսթր Յունայթեդի և Անգլիայի հավաքականի, իսկ այժմ Էվերթոնի հարձակվող Ուեյն Ռունին, հարբած վիճակում մեքենա վարելու համար դատապարտվել է հանրային աշխատանքների: Նա արդեն սկսել է աշխատանքները և ծերանոցներից մեկում տարբեր տեսակի ծառայություններ է մատուցում ՝ նստարաններ է ներկում և այլն: Սա Անգլիայում տարածված պրակտիկա է: Ֆուտբոլիստներից շատերն են նման պատժի ենթարկվել:
Հետաքրքրական է, որ նման պատժի ենթարկվող հայտնի մարդկանց դեպքերն առավելապես են լուսաբանվում, կարծես հատուկ դիտավորությամբ: Նպատակը մեկն է ՝ ցույց տալ, որ արտոնյալներ չկան, նույնիսկ հայտնիները չեն կարող արտոնյալ լինել:
Պատկերացնու՞մ եք, օրինակ, Մխիթարյանին հարբած վիճակում ՃՈ աշխատակիցները կանգնեցնեն Հայաստանում: Նրան ոչ միայն որևէ պատժի չեն ենթարկի, այլև չի բացառվում սելֆի անեն և երեկոյան տուն գնալիս ուրախացնեն իրենց երեխաներին Մխիթարյանի ստորագրություններով:
Դեռևս թարմ է ասմունքող Լիաննա Զուրաբյանի դեպքը, երբ նա փորձել էր իր հանրային վարկանիշով դուրս պրծնել ՃՈ աշխատակիցների ձեռքից: Այս անգամ ոստիկանությունն իհարկե հրապարակեց տեսանյութը՝ յուր վարկանիշը մի փոքր շտկելու համար, բայց համառորեն խուսափեց խնդրի խորքային քննարկումից: Իսկ խնդրի խորքում ընկած է տարածված այն մտայնությունը, որ դիրքդ, հեղինակությունդ կարող ես չարաշահել: Եվ որ ամենավատն է, չարաշահումդ կարող է արդյունք տալ և իրավապահները կընկրկեն:
Եթե Ուեյն Ռունիին շանս տրվեր, օրինակ խուսափել պատժից՝ պայմանավորվելով ոստիկանների հետ, նա դա բնականաբար կաներ: Բայց նրան այդ շանսը չի տրվել:
Արտակ Ասլանյան