Երկիր Ծիրանիի սադրանքը բացահայտում է ՀՀԿ-ի էությունը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԵրևանի քաղաքապետարանում ավագանու նիստերը թեժ են անցնում: Եվ այդ ամենի «մեղավորը» ոչ թե միակ ընդդիմության դերի մեջ հայտնված ԵԼՔ-ն է, այլ քարոզարշավը սկանդալներով սկսած և շարունակող, ՀՀԿ-ին դժոխք խոստացող Երկիր Ծիրանի խմբակցությունը ՝ իր երեք կին ավագանիներով: Այսօրվա նիստին նրանք ընդհարվեցին ՀՀԿ-ի ամենահավատարիմ մտավորական բրիգադիրներից մեկի ՝ Լևոն Իգիթյանի հետ: Պարոն Իգիթյանի համառությունը աչքի է զարնում հատկապես նրանով, որ նա ավելի շատ է պաշտպանում իշխանությանը, քան իշխանութունն ինքն իրեն, նվիրվում է ավելին, քան պետք է: Նրա վերադասները երբեմն հաճույք են ստանում, որ Իգիթյանը տեղն է դնում իրենց ընդդիմախոսներին ՝ չհասկանալով մի բան, որ կամաց-կամաց կորցնում են վերահսկողությունը և ուժային բալանսն իրենց ձեռքերից, կորցնում են՝ այն տալով հենց Իգիթյանի նմաններին:
Իսկ Երկիր Ծիրանիին պետք է շնորհակալություն հայտնել, որ նախընտրական խոստման համաձայն դժոխք են սարքում մի վայրում, որտեղ վաղուց որևէ տեղաշարժ չկար: Նրանց սաբոտաժն ու սկանդալները, ինչքան էլ որ անպտղաբեր են քաղաքական առումով և քաղաքին որևէ օգուտ չեն տալիս, նույնքան օգտակար են ՀՀԿ երկրորդ և երրորդ էյշելոններում սադրանք հարուցելու առումով, սադրանք, որ բացահայտում է ՀՀԿ-ի էությունը: ՀՀԿ վերնախավն արդեն սովորել է ընդդիմության հետ հարաբերվելու քաղաքակրթական դիմակից օգտվելու հմտությունները, բայց նույնը չի սովորեցրել իրենց թիմակիցներին, որոնք կարգով ավելի ցածր են, բայց քանակով ավելի շատ:
Սարգիս Մեսրոպյան